Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ընդունել ազատել զբաղեցրած պաշտոնից իր մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին։ Այս պաշտոնանկության պատճառը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանվել, սակայն 24News-ին հասած տեղեկությունների համաձայն, Կարապետյանին աշխատանքից ազատելու պատճառ է դարձել Ամանորի գիշերը վարչապետի ելույթի հետ կապված մի քանի բացթողումները, որի հետևանքով ժամը 12:00-ին՝ ամանորի կեսգիշերին,  չի հնչել Հայաստանի օրհներգը։ Նախ, ըստ մեր աղբյուրի, Կարապետյանը Փաշինյանի հետ ամանորյա ուղերձի տեքստը ճշտելուց հետո վերջին վայրկյանին մի քանի փոփոխություններ է արել, որին վարչապետը տեղեկացել է արդեն ուղիղ եթերում տեքստը կարդալու ժամանակ։ Սա, սակայն, դեռ պատմության սկիզբն է։ Բանն այն է, որ կառավարության աշխատակազմը Հանրապետության հրապարակում վարչապետի ելույթի համար չի ունեցել տեխնիկական հատուկ միջոց՝ «սուֆլյոր» և որոշել է այն վարձակալել մասնավորից։ Մասնավոր այս ընկերությունում զգուշացրել են, որ իրենց մոտ եղածը այդ ցրտի պայմաններում կարող է խափանվել, սակայն վարչապետի աշխատակազմում այս զգուշացումը լուրջ չեն ընդունել։ Եվ երբ Փաշինյանը սկսել է խոսել՝ սարքը խափանվել է, ու նա պատահաբար նույն ուղերձում կրկնել է նույն նախադասությունը։

«2020 թ-ը դառնալու է թերահավատներին հուսավառելու և հավատավորների թռիչքի տարի», - ամանորյա իր ուղերձում տեսանյութի 7:30 րոպեում նշում է Փաշինյանը և նույնն էլ կրկնում է 9:05 րոպեին, սակայն, հասկանալով, որ այս նախադասությունն ընդամենը մեկ րոպե առաջ ասել է, իբրև փորձառու հռետոր, կարողանում է դուրս գալ իրավիճակից։ Քանի որ, սակայն, ամանորյա ուղերձը վայրկյան առ վայրկյան ծրագրված է, Փաշինյանի մի քանի վայրկյանանոց դադարն ու դրան հաջորդող «իմպրովիզը» երկարացնում են այն, ու ժամը 12։00-ի համար ձայնագրված զանգերի ձայներն ու դրան հաջորդող ՀՀ օրհներգը չի միանում, ինչի արդյունքում էլ առաջին անգամ Հայաստանի անկախության պատմության մեջ Ամանորը նշում ենք առանց մեր երկրի հիմնի։ 

Այս ամբողջ ձախողման պատասխանատուն, ըստ ամենայնի, լինում է Վլադիմիր Կարապետյանը։ Վարչապետը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ծառայողական քննություն է նշանակում, և ստացած արդյունքների հիման վրա որոշում նրան աշխատանքից ազատել։