«Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում ցնցումների հիմնական պատճառը դիտարկվում է օդափոխման համակարգը: Այս մասին լրագրողնրին ասել է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը:

«Շենքերի սեյսմակայնության վարչության աշխատակիցները տարբեր գործիքներով փորձում են համոզվել, որ այդ վիբրացիան գալիս է հիմնականում օդորակիչների համակարգից, որը տեղադրված է տանիքի տարբեր մասերում»,- ասել է Մարգարյանը։

Ըստ նրա՝ հնարավոր է օդորակիչներն ունեն մաշվածության խնդիր, ղեկավարությունից խնդրել են սարքերի տեխնիկական անձնագրերը։
«Պետք է հաշվարկենք հզորությունը, աշխատելու հաճախականությունները։ Վարկածներից մեկն այն էր, եթե մաշվածություն ունի, հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո էլ մյուս թևը մաշվածություն ունենա, և դա էլ կարող է վիբրացիա առաջացնել»։

Հունվարի 9-ին, «Դալմա Գարդեն մոլում» շուրջ 30 րոպե տեղային ցնցումներ էին արձանագրվել: Շենքից քաղաքացիները տարհանվել էին։