Նոր Հայաստանում ընթացող ամենաթեժ պայքարը, շատերի կարծիքով, ֆեյքերի պայքարն է: Այս կառավարությունն արդեն իսկ հասցրել են անվանել «ֆեյք բուծող», այն պարզ պատճառով, որ շուրջ կես միլիարդ դրամ Փաշինյանը և իր թիմը հոժարակամ հատկացնում են՝ իրենց քաղաքական շահերը սպասարկող ֆեյքերի բանակ պահելու համար: ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում գործում է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը նախկինում նախագահին կից էր։ Այս ՊՈԱԿ-ի տարեկան բյուջեն կազմում է 582 միլիոն ՀՀ դրամ, որը տրամադրում է կառավարությունը, իսկ կառավարությանը որտեղի՞ց այդքան գումար, իհարկե, հարկատուներիս գրպաններից։ Առերևույթ այս ՊՈԱԿ-ը զբաղվում է կառավարության նիստերի ուղիղ հեռարձակմամբ, կառավարության սոցիալական մեդիայում առկա էջերի վարումով, մեդիա մոնիթորինգով և ասում են՝ հակաադրբեջանական քարոզչությամբ: Սակայն, հարցը կայանում է նրանում, որ ադրբեջանցիների քարոզչությունը նկատում ենք, իսկ այ հակաքարոզչությունը՝ ոչ: Փոխարենը՝ իշխանական ֆեյքերը մեկը մյուսի հետևից կրկնում էին վարչապետ Փաշինյանի խաղաղության կոչերը և հարևան երկրի նախագահին անվանում՝ կիրթ մարդ: Թերևս այս ՊՈԱԿ-ում աշխատող 150 աշխատակիցները, որոնք ստանում են ամսական շուրջ 200 հազար աշխատավարձ, այնքան էլ լավ չեն սերտել՝ ինչ է հակաքարոզչությունը:
«Կենտրոնի գործունեության առաջնահերթություններն են՝ քաղաքացիների մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության դեմ պայքարը, համագործակցությունը ԶԼՄ ներկայացուցիչների եւ ուղիղ կապն ընթերցողի հետ»,- գրված է կենտրոնի ֆեյսբուքյան էջում՝ որպես նպատակ։ ՊՈԱԿ-ը, օրինակ, կազմակերպում է կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումը, մի բան, ինչը ՊՈԱԿ-ի հետ մեկտեղ անում են տասնյակից ավել լրատվամիջոցներ, անգամ ինքը՝ վարչապետ Փաշինյանը՝ մշտապես կառավարության նիստերի դահլիճից ուղիղ եթեր մտնելով: Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ի ցույց է դնում սույն կառույցի գործունեության անիմաստությունը: Սակայն, այս հարցում իշխանությունները չեն համաձայնվի: ՊՈԱԿ-ը լրատվամիջոց՝ կայք բացեց՝ infocheck.am, որի լրիվ անվանումն է՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոն», այստեղ հայրենի պաշտոնյաները սրտների ուզածի չափ կարող են տարատեսակ հերքումներ տեղադրել, իրենք էլ ընթերցել իրենց հերքումները: Հերքման թեմաներն էլ բազմազան են՝ Փաշինյանի հոգեկան առողջությունից մինչև որևէ նախարարի վերաբերող տեղեկություն։
ՊՈԱԿ-ի աշխատակիցների և վերջինիս տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավոր գործը վարչապետի թասիբին կանգնելն է, և թերևս դա է պատճառը, որ ՊՈԱԿ-ը ամինսեր առաջ կատարել էր մի հրապարակում, որտեղ կենտրոնն անդրադարձել է վարչապետի «լայվի» տակ հայհոյող «ֆեյքերին» եւ անգամ հրապարակել նրանցից մի քանիսի ֆեյսբուքյան էջերը։ Ընդ որում, կառավարության ֆեյքերը հաճախ հենց կառավարության անդամներին էլ վնասել են՝ օգնելու փոխարեն:
Մասնավորապես, վերջերս մի դեպք էր գրանցվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում «Մարիամ Ավետիսյան» օգտատիրոջ գրառման «սքրինշոթ» է հրապարակել, որում, իբր, օգտատերը տեղեկացնում է, որ իրենց խմորեղենի արտադրամասն այս տարի լավ է աշխատել, և շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Սակայն, ԶԼՄ-ները շատ արագ պարզեցին, որ այն Նիկոլ Փաշինյանին աջակցող հերթական ֆեյք էջերից է: Բանն այն է, որ էջը գործարկվել է 2015թ.-ին: Էջի առաջին հրապարակումը եղել է 2018 թվականի դեկտեմբերին։ Էջում չկան անձնական լուսանկարներ կամ գրառումներ, անձնական տվյալները փակ են: Էջի բացման օրվանից բոլոր գրառումները գովաբանում են Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին:
Թերևս, նման վրիպումներն են պատճառը, որ մամուլում ակտիվորեն քննարկվում է Մովսիսյանի հավանական ազատման թեման: Ի վերջո, ինչո՞ւ է ծիգիզմին և պոակիզմին դեմ արտահայտվող Փաշինյանը պահում շուրջ կես միլիարդ դրամի բյուջե ունեցող այս կառույցը, երբ ակնհայտ է, որ այն չի ծառայում ոչ իր բուն, ոչ էլ Փաշինյանի և թիմակիցների կողմից սահմանած նպատակների իրականացմանը…