Կառավարության առջև այսօր անասնապահները կրկին ակցիա են իրականացնում։ Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ այսուհետ անասնապահները պետք է մորթն իրականացնեն հատուկ սպանդանոցներում և ունենան 5-րդ հատուկ ձևի նշուշ։ Նրանք դեմ են այս որոշմանը։ Պատճառաբանում են՝ սպանդանոցները մարզերում շատ քիչ են, ինչը դժվարություններ է առաջացնում, բազմաթիվ հերթեր են գոյանում, շատ անգամ ստիպված են լինում մորթի համար ծանրաքաշ անասունին մի համայնքից տանել մեկ այլ համայնք։
Հիշեցնենք նաև, որ ակցիա անող անասնապահները հայտարարել էին, որ, եթե մինչև երկուշաբթի իրենց խնդիրը չլուծվի, ապա միս չի մատակարարվելու Երևան։
Գյուղացիները քիչ առաջ մի քանի րոպեով փակեցին Նալբանդյան փողոցը, այնուհետեւ Տիգրան Մեծ պողոտան:
Իրավիճակը լարվեց, եւ քաշքշուկ սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
«Իրենք իրենց սենյակներում տաք-տաք նստած են, հիմա 1000 դրամն էլ ինձ համար մեծ գումար է, մի արեք նման որոշումներ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
«Զանգեք բոլոր մարմիններին, ժողովուրդը մեղք է, էս հարցը լուծել տվեք, պարոն վարչապետ խնդրում եմ, կառավարության անդամներ, մի ուղղություն ցույց տվեք, արհամարհել պետք չի ժողովրդին: Կառավարությունից մարդ ուղարկեք, որ ճանապարհը բացվի»,-ասաց նա։