Շվեդ աշակերտուհի և էկոակտիվիստ Գրետա Թունբերգը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին բողոքել է, որ աշխարհում գործնականորեն ոչինչ չի փոխվել կլիմայի պաշտպանության հարցում: Նա նշել է, որ այդ հարցում մեղավոր են նաև համաշխարհային լրատվամիջոցները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Թունբերգի խոսքերով՝ լրագրողները անտեսում են մթնոլորտում ածխաթթու գազի արտանետումները և դրա հետևանքները, որ արտահայտվում են կլիմայական փոփոխությունների տեսքով, ինչի մասին էլ էկոակտիվիստը մշտապես նշում է իր ելույթներում:

«Ինչո՞ւ է ջերմաստիճանի բարձրացումը 1,5 աստիճանով այդքան կարևոր: Քանի որ, երբ ջերմաստիճանը բարձրանում է նույնիսկ 1 աստիճանով, մարդիկ մահանում են կլիմայական փոփոխություններից: Սա է ամբողջ գիտության խնդիրը՝ կանխել կլիմայի փոփոխությունները»,- ասել է Թունբերգը:

Գրետա Թունբերգը ելույթ է ունեցել «Ընդհանուր ապագայի համար նոր ուղիներ հարթելու» նստաշրջանին, որով էլ մեկնարկել է Դավոսի համաժողովը: