Նորածին երեխաներին տարբեր տարիներին կորցրած ծնողներն այսօր Աջափնյակի ՔԿԱԳ-ում բաժնի պետից պահանջում էին իրենց երեխաների գործերին վերաբերող արխիվային իրական տվյալները, որոնք ծնողների պնդմամբ փոփոխվել են, կեղծվել:

«Երեխայիս մահվան վկայականի մեջ գրված է` երեխան մեռելածին է, այսինքն ծնվել է մահացած, հիմա, հենց նոր ինձ ցույց են տալիս էստեղ մի փաստաթուղթ, որ երեխաս մահացել է ծնվելուց ժամեր հետո»:Ծնողները պահանջում էին մեկ առ մեկ ցույց տալ բոլոր մահացած երեխաների տվյալները, սակայն բաժնի պետը պնդելով, որ իր ընդմիջման ժամն է, ոչինչ ցույց չտվեց: Ծնողները նրան մեղադրեցին Ռազմիկ Աբրահամյանի հետ համագործակցելու և մանկավաճառությամբ զբաղվելու մեջ:

 
 
 

Բաժնի պետը հակադարձեց` «Ռազմիկ Աբրահամյանի հիվանդանոցի բոլոր ծնունդները մեզ մոտ են գրանցվում, բայց դա չի նշանակում, որ ես հանցագործությունների հետ կապ ունեմ, ես նույնիսկ Ռազմիկ Աբրահամյանի հեռախոսահամարը չունեմ»: Վիճաբանությունից հետո ծնողներին կարողացան դուրս հանել սենյակից, բաժնի պետը սկսեց հեռախոսով խոսել, պարզ չէ, թե ում հետ: Հեռախոսազրույցից հետո նա կտրուկ մերժեց որևէ բան ցույց տալու պահանջը: Ծնողները զգուշացրին` կրկին գալու են և ստանալու են իրենց համար այդքան կարևոր մանրամասները: