Չենք ասում, որ բոլոր այդ տնակների մարդկանց տալու ենք բնակարաններ, ոչ, մենք ասում ենք՝ այդ տնակները հանելու ենք այդտեղից։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Գյումրիի տնակների վերացման եւ նոր բնակարաններ տրամադրելու հարցին։
Վարչապետն ասաց, որ կազմված հանձնաժողովը ամենօրյա ռեժիմով Գյումրիի տնակների վերաբերյալ աշխատանք է անում։ Նա ասաց, որ աշխատանքն արվում է Կադաստրի կոմիտեի, Ոստիկանության, ՏԿԵ նախարարության, Քաղաքաշինության կոմիտեի կողմից։
Փաշինյանը ներկայացրեց աշխատանքի բովանդակությունը. «Վերցնում են բոլոր տնակները, հատ-հատ քարտեզագրում են, էլեկտրոնային տեղորոշում են եւ ստեղծում են այդ տնակի պատմությունը, այսինքն՝ սա ինչ տնակ է, այդտեղ մարդ ապրում է, թե ոչ, եթե ոչ ոք չի ապրում, ապա որտեղ է, ինչ կարգավիճակ ունի։ Դեռ պետք է պարզենք, պե՞տք է բնակարանի գնման վկայագիր տանք, օրինակ, եթե պարզվի, որ այդ տնակում ապրում է մի մարդ, որը Գյումրիի հարեւան գյուղերից մեկում ունի առանձնատուն, այն թողել ու եկել այդտեղ է ապրում, որովհետեւ տեսել է հնարավորությունը։ Մենք ինչո՞ւ պետք է իրեն բնակարանի գնման վկայագիր տանք։ Կարող է, մի մարդ պետությունից ստացել է բնակարան, գնացել ու կազինոյում խաղացել ու պարտվել է, տունը կորցրել է, եկել՝ այդտեղ ապրում է. ինչո՞ւ մենք պետք է իրեն բնակարան տանք։ Հիմա ՀՀ բոլոր քաղաքացիներին, որոնք կազինոյում պարտվել են եւ բնակարան են վաճառել, իրենց պետք է տուն տա՞նք։ Կան մարդիկ, որոնք տեխնիկական ինչ-ինչ պատճառներով, պետությունն, այո, իրենց պետք է տրամադրեին, սակայն չեն տրամադրել, երբ այդպիսի դեպք կարձանագրվի, մենք կհաշվառենք։ Պետությունը կտա այդ գումարը, պայմանով, որ այդ տնակը նույն պահին քանդվելու է, եւ իրենք այդտեղից դուրս են գալիս։ Մարդ կա, եկել ու ասում է՝ թղթերս կորցրել եմ, ես պետք է հերթում լինեի. պիտի գնանք, արխիվներից գտնենք, այդպիսի 2500-ից ավելի դեպք»։
Վարչապետը շեշտեց, այն մարդկանց, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, ապա կատարելու է այդ պարտավորությունը. «Մենք չենք ասում, որ բոլոր այդ տնակների մարդկանց տալու ենք բնակարաններ, ոչ, մենք ասում ենք՝ այդ տնակները հանելու ենք այդտեղից։ Ես օրինակ աշխատել եմ եւ ինձ համար բնակարան եմ գնել։ Մանկատների 3 հարյուր սաներ, երկրաշարժից տուժած ավելի քան 6 հարյուր ընտանիքներ, պարտավորությունը պարտավորություն է, մենք սրբորեն կատարում ենք»։