Չինաստանում վերջին 24 ժամում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու 700 նոր դեպք է ի հայտ եկել, իսկ մահացածների քանակը հասել է 80-ի։
Կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 2794-ի, 5794 մարդու մոտ կասկածում են վիրուսի առկայությունը, իսկ 51 մարդ բուժվել է, գրում է Deutsche Welle-ն»։
Պեկինը սահմանափակել է տրանսպորտային հաղորդակցությունը մի շարք քաղաքների հետ, երկու «Դիսնեյլենդ» է փակվել։
Իշխանություններն ընդլայնում են նոր վտանգավոր թոքաբորբի տարածման դեմ պայքարի միջոցները։ Հունվարի 26-ից արգելվել է վայրի կենդանիների վաճառքը, իսկ բոլոր անասնապահական ֆերմաներում կարանտին է հայտարարված։ Փաստացի Հուբեյ նահանգիում ավելի քան 56 մլն մարդ կարանտինի տակ է:
Մինչդեռ միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա տիկնոջ հիմնադրամը՝ Bill & Melinda Gates Foundation-ը, շտապ կարգով $10 մլն է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին, գրում է «Վեդոմոստին»։
Նշված գումարից 5 մլն դոլարը կհատկացվի կորոնավիրուսի դեմ պայքարին Չինաստանում։ Նույնքան գումար կծախսվի Աֆրիկայում վիրուսի տարածման կանխարագելման և վերահսկման կենտրոններին աջակցելու համար։
Չինաստան է այցելել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադհանը՝ նա մտադիր է խորհրդակցություններ անցկացնել Կառավարության և բուժոլորտի փորձագետների հետ։
Նոր կորոնավիրուսով վարակի առաջին դեպքերը կապված էին Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում գործող ծովամթերքի մեծածախ շուկայի հետ։ Մինչև հուվարի 1-ին այդ շուկայի փակումը, այնտեղ ծովային կաթնասուններից բացի, վաճառվում էին նաև չղջիկներ, հավեր, ճագարներ և օձեր։ Այդ տեսակներից մեկը կարող է վարակի աղբյուր դառնալ, կարծում են չինացի մասնագետները։
Հունվարի 27-ի դրությամբ հիվանդության դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Ավստրալիայում, Վիետնամում, Կանադայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայոմ, Հարավային Կորեայում և Ճապոնիայում։