Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Ֆորբս»-ի «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածին:

«Երկար տարիներ Հայաստանը ջանքեր էր գործադրում իր բարձր տեխնոլոգիական ոլորտը զարգացնելու համար, բայց այս ուղղությամբ իրական զարգացումներ մեկնարկեցին միայն 2018 թվականի հեղափոխությունից հետո: Աշխարհի քարտեզի խորխորատներում թաքնված փոքր, աննկատ երկիրը անսպասելիորեն հույսով լցվեց դեպի ապագան, որը արտասովոր կերպով պայծառ է թվում»: Աշխարհահռչակ «Ֆորբս»-ն է գրում Հայաստանի մասին: «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխնոլոգիական խաչմերուկ» վերնագրով հոդվածը լույս է տեսել 2020 թվականի հունվարի 31-ին: Աշխարհը հավատում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագային, որովհետեւ հայ ժողովուրդը կերտում է իր ապագան»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հոդվածում հեղինակը նշում է, որ մասնակի փակ սահմաններով Հայաստանը հարուստ է իր մարդկային կապիտալով և լայն թափով սկսել է օգտագործել սեփական ներուժը տեխնոլոգիական ոլորտում: «Մենք ունենք փոքր ռեսուրսներ և բարձր տեխնոլոգիաները Հայաստանի տնտեսության հիմնական ուղղություններն են հաղթահարելու շրջափակումը և աշխարհային ներկայացնելու մեր կրթական բրենդը»,-ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Հեղինակը նշում է, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում ամենամեծ ներդրումային ուղղություններից է և աշխարհի առաջատար ընկերություններ, ներառյալ «Intel»-ը, «Microsoft»-ը, «Google»-ը, «IBM»-ը, «Synopsys»-ը և «Cisco»-ն ներկա են այնտեղ: Երկրի տեխնոլոգիական ոլորտը 2018 թվականին աճել է 33 տոկոսով:

Հոդվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի ստարտափ ընկերություններին, տեխնոլոգիական ուղղությամբ կրթական ոլորտում պետական քաղաքականությանը, ծրագրերին: Մասնավորապես, ներկայացվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որն իրականացնում է ԱՏՁՄ-ն: Այն սկսել է տեխնոլոգիական կրթության Հայկական մոդելի արտահանման գործընթացը աշխարհով մեկ: «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային: