Գեղարքունիքի մարզում փետրվարի 11-ի երեկոյան եւ փետրվարի 12-ի ընթացքում շարունակվող բուքը ճանապարհաշինարարներին հնարավորություն չի տալիս լիարժեքորեն ապահովելու ճանապարհների անցանելիությունը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, փետրվարի 12-ի ժամը 10.30-ի դրությամբ ճանապարհները փակվել են Վարդենյաց եւ Ճամբարակի լեռնանցքներում, իսկ Սեւանի, Վարդենիսի եւ Ճամբարակի տարածաշրջաններում առկա են դժվարանցանելի ճանապարհներ ամենատարբեր ուղղություններում: «Բուքը ոչ միայն դժվարանցանելի իրավիճակ է ստեղծում, այլ նաեւ խանգարում է ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ իրականացնելուն: Նույնիսկ երեկվա ընթացքում ճանապարհաշինարարների գործադրած ջանքերն այսօր արդեն դարձել են ապարդյուն: Մնում է սպասել բքի դադարին, որպեսզի հաջողվի ապահովել ճանապարհների լիարժեք անցանելիությունը»,-իրավիճակը ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկացմամբ՝ փետրվարի 12-ի ընթացքում ձյան մեջ մեքենաների արգելափակվելու մասին ստացվել է չորս ահազանգ, որոնցից մեկը՝ Վարդենյաց, երեքը՝ Սոթքի լեռնանցքից: