Մենք մանրամասն զրույց ենք ունեցել և՛ Պաշտպանության նախարարի, և՛ ԳՇ պետի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ ցանկացած դեպք բոլորիս համար մեծ խնդիր է. «Ընդհանուր, ես իմ տեսակետն ասել եմ: Մենք խնդրի խորքը հասկանալու համար պետք է տեսնենք, թե ինչպես են մեր երեխաները շփվում բակերում, դպրոցներում: Ես էս վերջերս զարմացա, որ ընդհուպ մինչև ԱԺ պատգամավորներ, ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են, որ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների և ինքնության պահպանման համար շատ կարևոր է: Այսօր մենք բանակում վարտիք փոխելու խնդիր ենք դրել, արել ենք դա: Լվացքի մեքենաներով ենք ապահովել: Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ լինում է մեկ այլ զինվորի վարտիքի հետ: Եթե հանկարծ զինվորներից մեկը նման վարտիք կրի, նրա հետ պարզաբանումների խնդիր կլինի»:
«Մենք մինչև գենետիկ մակարդակում խնդիրը պետք է ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է: Ես ՔԿՀ-ում եղել եմ, տեսել եմ, թե ինչպես են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոտքի վրա ոչնչացնում, ջարդում, սարքում հողին հավասար»,-ասաց նա: