Ասում է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամ Լիլիթ Գալստյանը
- Արդեն մի քանի օր է, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանն իրենց մտքերն ու պահանջները նամակների տեսքով են արտահայտում: Ի՞նչ եք կարծում, որքա՞ն է սա շարունակվելու: Ո՞ւր է տանելու սկսված հետընտրական ալիքը:
- Հետընտրական ալիքը լուրջ պատճառահետևանքային հիմնավորում ունի։ Հայաստանում, ավաղ, ընտրությունները երբեք իշխանության ձևավորման դասական սահմանադրական կամ ժողովրդավարական գործիք չեն, ընտրություններին հաջորդած թվային պատկերն էլ երբեք չի արտահայտել թե՛ քաղաքական իրական քարտեզը, թե՛ ժողովրդի սպասումները: Կեղծ բանաձևի արդյունքում քաղաքական մեծամասնության մեջ հայտնվում են ուժեր-անձեր, որոնք աղերս չունեն երկրի քաղաքական և սոցիալական պատվերի հետ: Այդուհանդերձ, նույնիսկ համատարած ու ավանդական կեղծիքի միջավայրում Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ ստանալ կես միլիոնից ավելի ՀՀ քաղաքացիների վստահության քվեն։ Նա կարողացավ համոզիչ լինել ու դառնալ խեղված իրավունքներով ու պետության կեղծ բանաձևով ընթացող Հայաստանի գոյությանը «ոչ» ասողների առաջնորդը։ Եվ շատ բնական է, բացատրելի, որ կեղծված ընտրություններին Հայաստանում հաջորդում են հետընտրական ցնցումները, ունենում ենք անհանգիստ հրապարակ, տագնապի, ընդվզումի ալիք։ Սա արհամարհված կամքի, անորոշ ճակատագրի ու անհեռանկար իրականության դեմ պայքարի ալիքն է, և նրանք, ովքեր Նոր Հայաստանի համար էին քվեարկել, անկախ կուսակցական հանգամանքից, իրենց կամքն ու նոր Հայաստանը պաշտպանելու մղումով եկան Ազատության հրապարակ: Հետընտրական այսպիսի իրականության հետ հաշվի չնստելը, չզգաստանալը պարզապես խելամիտ ու խոհեմ չի լինի։ Ստեղծված կացությունը քաղաքական նոր օրակարգ ու սոցիալական պատկեր է թելադրում նախ' գործող իշխանության համար և, առհասարակ' բոլոր նրանց համար, ովքեր քաղաքական պատասխանատվություն են կրում և կարևորում երկրի կայունությունը։ Այս իմաստով, Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև փոխանակված նամակագրությունը քաղաքական կամքի ու պատասխանատվության նոտաներ է պարունակում։ Կարծում եմ և ուզում եմ հավատալ, որ Հայաստանի Հանրապետության շահը կպարտադրի կողմերին, նախ և հատկապես Սերժ Սարգսյանին, բարձր կանգնել նեղ թիմային շահերից, ներքին ճնշումներից, վարկաբեկման փորձերից, և կարելի կդառնա լուրջ բովանդակային քննարկում ծավալել, լուծումներ գտնել։
- Երկխոսության հիմքում Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի պահանջներ է ներկայացրել' արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, պաշտոններ: Իշխանությունն այսօր այս պահանջների բավարարման համար հիմքերն ունի՞: Եվ առհասարակ, որքանո՞վ են իրատեսական այս պահանջները:
- Պահանջների բավարարման հիմքերը թե՛ հոգեբարոյական են, թե՛ քաղաքական: Հոգեբարոյական հիմքերի մեջ կարևորում եմ մեր ազգի պարտված, հուսահատ ու հոռետես հավաքական տրամադրության մեջ բեկում մտցնելը։ Իսկապես, մեր հավաքական բարոյահոգեբանական նկարագիրը բացասական ռազմավարական ռեսուրսի է վերածվել' անտարբեր ու հուսահատ քաղաքացին իր ներքին պարտության բեռով վտանգավոր է երկրի հեռանկարի համար։ Եվ հետո քաղաքական պատասխանատվությունից չխուսափող գործիչն իմաստնություն պիտի ունենա հաղթահարելու սեփական Ես-ը, վեր կանգնելու անձնական ամբիցիաներից ու պետականության, անկախության պատմության մեջ մտնելով որպես հայրապետ գործիչ, որի համար ամեն ինչից բարձր ազգային պետական շահն է։ Այսօր Ազատության հրապարակը նոր և անառարկելի քաղաքական պատվեր է ձևակերպում, նա ոչ է ասում կառավարման այս քրեաօլիգարխիկ համակարգին, ժողովրդավարության խամաճիկին, ամենաթողությանը, ցինիզմին, տնտեսական մենաշնորհներին: Սերժ Սարգսյանին իսկապես շանս է ընձեռված լինել բարեփոխման դիրիժորը, ի վերջո երկրի ախտերին ինքն ավելի քան քաջատեղյակ է։ Երկխոսությունն ու բանակցությունը քաղաքական ամենահզոր զենքերն են, տվյալ պարագայում, Հայաստանի առողջացման բանալիները։ Հասկանալի է' բանակցությունները պետք է ծավալել Հայաստանի խորքային, բովանդակային փոփոխության շուրջ, և դրանք նաև հնարավոր զիջումներ են պահանջում: Զուգահեռ խայթոցները, պիտակավորումներն ու ներքին ճնշումները բացատրելի են, բայց պետք է կարողանալ պետական բարձր շահը դարձնել անկյունաքար:
- Չե՞ք կարծում, որ ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունից հետո ավելի դժվար կլինի բանակցել Սերժ Սարգսյանի հետ, իսկ նամակագրությունն էլ այդպիսով ձգձգման խնդիր է լուծում:
- Վերջին շրջանում նամակագրության ժանրը մի տեսակ էժանացավ մեզանում, մոդայիկ դարձավ, բայց, հույս ունեմ, որ որպես գրական ժանր' չի վարկաբեկվի: Ինչևէ, եթե մինչև ապրիլի 9-ը գոնե հանգուցային, բովանդակային պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, վախենամ, որ ընթացքը կփսորի: Իսկ դրանից հետո մենք կունենանք ազգային անհամաձայնության խորացող ալիք, փողոցը կդառնա էլ ավելի անհանգիստ, առիթ կտանք բացարձակապես անցանկալի արտաքին միջամտությունների։ Ես հավատում եմ Րաֆֆիին: Նաև ուզում եմ հավատալ, որ Սերժ Սարգսյանը ևս բաց չի թողնի պատմական պահը։
- ՀՅԴ-ն էլ այն կուսակցություններից էր, որը չմասնակցեց նախագահական ընտրություններին, բայց առաջինն էր, ով միևնույն հարթակում կանգնեց' Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Ըստ Ձեզ' ինչո՞ւ ՀՅԴ-ն չմտավ «Բարև, Երևան» դաշինքի մեջ:
- Ինքս ազգային միասնականության գաղափարը փայփայողներից եմ ու ցավում եմ, որ այս անգամ ևս քաղաքական ընդդիմադիր ուժերը չկարողացան համախմբվել: Թվում էր, թե քաղաքական միջավայրն ու պահի հրամայականը անխուսափելիորեն միասնականության կհանգեցնեին, բայց չստացվեց։ Ժամանակն ու հետընտրական արդյունքները, թերևս, ավելի հստակություններ կբերեն, առայժմ ափսոսանքով փաստն արձանագրենք։
- Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը բացեց փակագծերը, թե ինչո՞ւ միասնական ցուցակ ավագանու ընտրություններին, այնուամենայնիվ, չստացվեց ձևավորել: «Ես հաստատում եմ այն փաստը, որ մենք ուզենալով համապարփակ հասարակական-քաղաքական այլընտրանք ներկայացնել առաջիկա ընտրություններին, առաջարկեցինք դաշնակցական Լիլիթ Գալստյանի թեկնածությունը' որպես ավագանու միասնական ցանկի առաջին համարի: Թող ոչ մեկը չասի, որ մենք մինչև վերջ չգնացինք համատեղ, միասնական ճակատ ստեղծելու համար»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Դո՞ւք եք հրաժարվել լինել ցուցակում:
- Իսկապես, Երևանի ավագանու ընտրություններին միասնական մասնակցության և ցանկի շուրջ բանակցություններ եղել են, տարբեր ձևաչափեր են քննարկվել։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր և «Ժառանգություն» կուսակցության կողմից Դաշնակցության Գերագույն Մարմնին առաջարկել է, որ Երևանի ավագանու միասնական ցանկի պարագայում ես լինեմ առաջին համարը, ինչը մերժվել է ԳՄ-ի կողմից։
- Իսկ ինչո՞ւ չմասնակցեցիք ավագանու ընտրություններին ՀՅԴ ցուցակով:
- Դա իմ անձնական որոշումն էր: