2020 թվականի փետրվարի 14-ին Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղ էր այցելել մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արտակ Թովմասյանը:
Միջոցառմանը մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Վարդանյանը, մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը, Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի դասախոսներ և ուսանողներ:
Այս անգամ այցի նպատակն էր մրցանակ շնորհել 2019 թվականի 3 լավագույն ուսանողներին ` Աննա Բարսեղյանին, Աննա Ասրյանին և Տաթևիկ Մելքոնյանին: Վերջինները «Թովմասյան» հիմնադրամի անվանական կրթաթոշակ`1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար են ստացել՝ տարեկան ուսման վարձի չափով:
Այցի ընթացքում կազմակերպվել է հանդիպում մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ: Արտակ Թովմասյանը պատմել է all.me թվային պլատֆորմի հաջողությունների, գլոբալ մակարդակով՝ ծրագրի եզակիության և հեղափոխականության մասին: Ներկաները նաև հարցեր են հղել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ժամանակակից միտումների, գլոբալ տեխնոլոգիական գործընթացներում Հայաստանի ներգրավվածության աստիճանի, օրենսդրական և իրավական դաշտի, ինչպես նաև նոր all.me թվային պլատֆորմի օգտագործման առավելությունների վերաբերյալ:
Արտակ Թովմասյանը այցելեց նաև մասնաճյուղում վերջերս բացված վիրտուալ իրականության լաբորատորիա, որտեղ ծանոթացել է արդեն մեկնարկած նախագծերին: Իրենց գաղափարները ներկայացրած ուսանողներին ուշադիր լսելուց հետո, Թովմասյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց՝ հնչեցրած գաղափարների հաջող իրականացման համար:
Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի տնօրեն Թամարա Վարդանյանը շնորհակալություն հայտնեց «Թովմասյան» հիմնադրամին, ի դեմս նախագահին՝ մասնաճյուղի ուսանողներին ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Արտակ Թովմասյանին հանձնվեց նաև շնորհակալագիր և հուշանվեր՝ «Համալսարանին նվիրվածության համար»:
All.me- ն թվային հարթակ է, որը հիմնված է օգտատերերին խրախուսելու և պարգևատրելու եզակի մեթոդի վրա: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայի Դուբլին քաղաքում, մյուս յոթ գրասենյակները՝ ողջ աշխարհով մեկ, այդ թվում, նաև Երևանում:
All.me էկոհամակարգը բաղկացած է երեք փոխկապակցված բաղադրիչներից. MeNetwork-ը all.me-ի սոցիալական ցանցն է, որը պարգևատրում է ակտիվ օգտատերերին և վերջիններիս հետ կիսում է գովազդից ստացած եկամուտների մինչև 50 տոկոսը:
MeMarket-ը ինտեգրված առևտրային հարթակ է, որը թույլ է տալիս օգտվողներին կատարել գնումներ և վաճառք՝ անմիջապես պլատֆորմից, իսկ mePay- ը վճարային ծառայություն է, որը թույլ է տալիս օգտվողներին կատարել ամենօրյա վճարումները ինչպես պլատֆորմի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ վճարային քարտերի միջոցով:
All.me էկոհամակարգում առկա է նաև սեփական թվային արժույթը՝ ME Token-ը, որը ծառայում է որպես պլատֆորմի թվային ակտիվ և վաճառվում է բորսաներում: Պլատֆորմի նպատակն է` ME-ն դարձնել առօրյա կյանքի կարևոր և բաղկացուցիչ մաս, ինչպես նաև՝ պարզեցնել առօրյա գործարքների գործընթացը: