«Վանդակները դատարկ էին, միայն մեկ շուն կար տարածքում, սարսափելի պայմանների ենք ականատես եղել»,- ԲՀԿ խմբակցության ավագանու անդամները չնախատեսված այցելել են «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ, այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Գնացինք մեր աչքով տեսնելու՝ ինչով են զբաղված կենտրոնի աշխատակիցները: Կենդանիներ չլինելու փաստը մեկնաբանեցին, թե մեր գնացած ժամից է՝ հավաքված շներն արդեն ստերջացվել են և բաց են թողնվել, նոր խմբաքանակն էլ դեռ չի բերվել: Վանդակները դատարկ էին, այն պարագայում, երբ ամբողջ քաղաքում թափառող շները մարդկանց սարսափն են դարձել»:
Առաքելյանի պնդմամբ' ՀՈԱԿ-ը տեխնիկական խնդիրներ ունի, ինչպես նաև՝ աշխատանքները չեն համակարգվում ըստ պատշաճի:
«2 հավաքող մեքենաներից մեկը չի աշխատում, փչացած, կանգնած էր բակում, ասում են՝ գործընթացը կազմակերպելու համար բավարար սարքեր չունեն: Մեղմ ասած՝ խայտառակ վիճակ էր տարածքում, սանիտարահիգենիկ տարրական պայմաններն անգամ պահված չէին: Սա բացատրում էին այն հանգամանքով, թե շուտով տեղափոխվելու են այլ տարածք: Ես այս վիճակը չեմ հասկանում, մեկ տարի առաջ է ստեղծվել ՀՈԱԿ-ը, մեծ ֆինանսներ են հատկացվել բյուջեից»:
Ավագանու անդամներին ուշացմամբ, բայց դիմավորել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Աղաբեկյանը, ով նշանակվել է անցած երկուշաբթի: Նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը մոտ մեկ ամիս առաջ տեղափոխվել և նշանակվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն:
«Բեգոյանից հետո 1 ամսում ՀՈԱԿ-ում փոխվել է 4 ժամանակավոր պաշտոնակատար, ամեն մեկը 7-8 օր պաշտոնավարում, գնում է, անհասկանալի, անկայուն վիճակ է: Նախկին տնօրենի ժամանակ էլ լավ վիճակ չէր, բայց հիմա սարսափելի է: Հրատապ լուծում պահանջող խնդիր է, պետք է զբաղվել այս հարցով»:
Նշենք, որ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի թեժ գծի հեռախոսահամարով բազմաթիվ զանգեր կատարեցինք, սակայն այդպես էլ պատասխան չստացանք:
Կից ներկայացնում ենք ավագանու անդամ Միքայել Մանրիկյանի՝ ՀՈԱԿ-ի տարածքում նկարած տեսանյութը: