Կառավարության նիստերի դահլիճում այսօր՝ փետրվարի 29-ին, տեղի ունեցավ «Սոցիալական շարժման» 2-րդ համաժողովը, որին մասնակցում էին 20-ից ավելի սոցիալական նախաձեռնություններ և միություններ։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիրը։ Ելույթներով հանդես եկան սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներ:
Այս օրերին Հայաստանից դուրս գտնվելու պատճառով «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի ուղերձը փոխանցեց նրա ներկայացուցիչ Նելլի Ավետիսյանը:
Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև
«Հարգելի' հայրենակիցներ, սիրելի' ներկաներ,
Մեզանից յուրաքանչյուրը պատրաստ է անել առավելագույնը` Հայաստանի Հանրապետության հզորացման համար։ Օրստօրե մեր պետության ու հասարակության առջև նորանոր մարտահրավերներ են ծագում, որոնք հրատապ լուծումներ են պահանջում։
Այդ լուծումներին հասնելու ամենակարճ ճանապարհը երկրում սոցիալական արդարության և հավասարության հաստատումն է:
Ցավով եմ արձանագրում, բայց մենք երկար ժամանակ է, ինչ խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ խնդիրների մասին, բայց լռում ենք սոցիալական անարդարության մասին:
Գործազրկություն, արտագաղթ, իրավական ինստիտուտների աշխատանքի ձախողում, բանկային համակարգի ագրեսիվ և կեղեքիչ վարքագիծ հասարակ ժողովրդի նկատմամբ, օրենքների անկատարություն. այս գլոբալ խնդիրներն են, որ բախել են մեր դուռը:
Սա դեռ քիչ է, մի բան էլ՝ օր օրի խորանում է ժողովրդի մեջ բևեռվածությունը, սևերի ու սպիտակների բաժանումը: Անքննարկելի՛ է՝ մենք պետք է դասեր քաղենք մեր անցյալից, չմոռանա՛նք մեր պատմության հերոսական էջերը, բայց և պետք է հիշենք՝ Տիգրանակերտի դռները ներսից բացվեցին՝ առանց պատերազմ սկսելու, անգամ, հայոց շարքերում սկսվեց դասալքությունը, որի հետևանքով տապալվեց Հայաստանի հրաշակերտ մայրաքաղաք Տիգրանակերտը:
Անցյալից դասեր քաղելով՝ չպետք է թույլ տանք, որպեսզի այսօրվա Հայաստանը ներսից քայքայվի, ներքին թշնամին կարողանա ավելի զորեղ գտնվել, քան արտաքին թշնամիները միասին:
Ողջունելի է «Սոցիալական շարժման» այս նախաձեռնությունը: «Միասնություն» շարժումն իր աջակցությունն է հայտնում ձեզ: Հավատացած ենք, որ այս դահլիճում հաստատված արդարությունն ու միասնականությունը կպսակվի հաջողությամբ, մեր ժողովրդի հաղթանակը արդարության և միասնականության մեջ է:
Հնին վերադարձ չկա՛, Նոր Հայաստանը պետք է կառուցենք միասին»,- ասվում է ուղերձում: