Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ամսական անհրաժեշտ են շուրջ 89 միլիոն բժշկական դիմակ եւ շուրջ 76 միլիոն զույգ բժշկական ձեռնոց: Ինչպես նշված է մարտի 3-ի երեկոյան ԱՀԿ-ի տարածած մամուլի տեղեկագրում, պաշտպանական միջոցների պակասն սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքը:
Կազմակերպությունը գտնում է, որ աճող գլոբալ պահանջարկի բավարարման համար արդյունաբերությունը պետք է 40 տոկոսով ավելացնի պաշտպանական միջոցների արտադրությունը: ԱՀԿ-ն ընդգծում է, որ այդ միջոցների մատակարարումների ընդհատումները «վտանգի են ենթարկում մարդկանց կյանքը»:
ԱՀԿ-ի գնահատումների համաձայն՝ «COVID-19 հիվանդությանը հակազդելու համար ամեն ամիս պահանջվում է 89 միլիոն դիմակ», իսկ ինչ վերաբերում է «բուժզննության համար ձեռնոցներին, այդ թիվը հասնում է 76 միլիոն զույգի»: Բժշկական նպատակների համար ամսական հարկավոր Է նաեւ 1,6 միլիոն պաշտպանական ակնոց, հաղորդել է ՏԱՍՍ-ը: