Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 2012թ տարեկան զեկույցը: Օմբուդսմենը նշեց, որ տարեկան զեկույցը բաղկացած է 136 էջից և վերաբերում է 22 պետական և օրենքով անկախ մարմիններին, որոնք այս կամ այն կերպ ազդում են մեր իրավունքների պաշտպանության վրա: Ընդհանուր առմամբ զեկույցում անդրադարձել են 148 համակարգային խնդիրների:
Հարցին, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին նշել է, որ իր հիմնական կադրային սխալներից մեկը համարել է ՄԻՊ-ը, ինչպե՞ս է այսօր գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օմբուդսմենի աշխատանքը, Կարեն Անդրեասյանը պատասխանեց.
«Եթե նախկինում օմբուդսմենին նշանակում էր Հայաստանի հանրապետության նախագահը, ապա այժմ նշանակում է ԱԺ-ի բավական լուրջ մեծամասնություն և եթե ինձանից դժգոհ լինելու կարիք լինի կամ իմ աշխատանքը գնահատելու, ըստ օրենիք և սահմանադրության այն պետք է անի ԱԺ-ի մեծամասնությունը: Ես արդեն տեսնում եմ, որ ՀՀԿ-ի առանձին գործիչներ որոշակի դժգոհություններ ունեն, մենք հարգանքով ենք մոտենում այդ գնահատականներին: Եթե նայենք, թե ում կադրն եմ ես, ապա ես կոալիցիոն կադր եմ, որտեղ եղել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Ես առաջին իսկ օրն ասել եմ, շնորհակալ եմ իրենց այդ վստահության համար, բայց ես իրենց պարտական չեմ: Ես գանահատում եմ իրենց վստահությունը և անում են այն ինչի համար իրենք ինձ այստեղ ընտրոլ են»:
Կարեն Անդրեասյանն անդրադառնալով նաև ՀՀԿ-ական պատգամավորների արձագանքներին, որոնք հիմնականում դժգոհում են ՄԻՊ-ի այն զեկույցը, որը վերաբերում է Երևանի քաղաքապետարանի թերացումներին, օմբուդսմենը նշեց, որ չի պատրաստվում մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավորների ասածները: