ԳԱԱ-ի հավանական լուծարման մասին օրերս խոսեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: ԱԺ ամբիոնից նա նշեց, որ իրենք ունեն որոշ առաջարկներ՝ ԳԱԱ-ի կարգավիճակի հետ կապված, մասնավորապես՝ նախատեսում են կատարել գործառութային որոշակի փոփոխություններ, ինչի արդյունքում՝ ինստիտուտները, որոնք գործում են ԳԱԱ-ի ներքո, կունենան խորհուրդներ և կառավարման այլ ձև:
Արդեն տեղեկացրել էինք, որ ակադեմիայի կազմում գործող ինստիտուտների տնօրեններին հանձնարարվել էր փակ-գաղտնի քվեարկությամբ աշխատակիցներից պարզել՝ ցանկանում են, որ իրենց ինստիտուտները դուրս գան ԳԱԱ կազմից:
Թե որքանով արդյունավետ կլինի ինստիտուտների առանձին գործելը և որքան դա կնպաստի մեր երկրում գիտության զարգացմանը, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել բնապահպան, ակադեմիայի նախկին աշխատակից Սիլվա Ադամյանից: Վերջինս երկար տարիներ աշխատել է ԳԱԱ-ում: Նա նշեց, որ ակադեմիան լուծարելու մասին խոսվել է դեռ 2000-ականներին, սակայն նման որոշում չի կայացվել, քանի որ իրավիճակն այլ էր:
«Ելնելով իմ երկար տարիների աշխատանքային փորձից՝ կարող եմ ասել, որ ԳԱԱ-ն լուծարելը ճիշտ որոշում է: 2000-ականներին դա այնքան էլ ճիշտ չէր, քանի որ ակադեմիայի ռեսուրսները, գիտական կազմը, հնարավորություններն այլ էին: Մենք ԳԱԱ-ի ապագան տեսնում էինք: Կառույցը զարգանալու տեսլական ուներ: Ցավոք, այժմ այդպես չէ: Տարիներ շարունակ ակադեմիան շատ քիչ գումարով է ֆինանասավորվել: Տարիների ընթացքում վաճառվել են շատ սարքավորումներ, բազաներ, շատ բարձրակարգ գիտնականներ լքել են մեր երկիրը»,-նշեց նա:
Ադամյանն ասաց, որ այդ ամենի արդյունքում մնաց մարդկանց մի խումբ, ովքեր ամեն ինչին համաձայն են և որոնց աշխատանքը ոչ մի օգուտ չի տալիս մեր երկրին. «Մենք բազմիցս փորձել ենք ակադեմիայում կատարվող գիտական աշխատանքների մասին տվյալներ ստանալ: Կան առանձին գիտնականներ, ովքեր առանձին արտասահմանյան ֆինանսավորմամբ, նրանց պատվերով կատարում են որոշակի ուսումնասիրություններ, բայց այն մասը, որը հենված է հենց պետական բյուջեի վրա, բացարձակ ոչինչ չի անում»:
Մեր զրուցակիցը նշեց, որ գիտնականների ներուժը պետք է ճիշտ օգտագործել. «Գիտնականը պետք է մեր պետության համար աշխատի, այլ ոչ թե նրան օգտագործեն՝ այստեղից տվյալներ տանելու համար: Դրսի դոնորները մեր գիտնականներին օգտագործում են՝ Հայաստանի մասին ինֆորմացիա ստանալու համար, օրինակ՝ ջրի, հողի, կեսաբազմազանության, քարտեզագրման, ինչը շատ մտահոգիչ է»:
Նա ընդգծեց, որ նման իրավիճակում այդ կառույցը պահելը հանցագործություն է. «Ես կարծում եմ, որ այս պահին պետությունը անտեղի է ֆինանսավորում ակադեմիան, քանի որ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում: Պետությունը պետք է ֆինանսավորի այն մարդկանց ու կառույցները, ովքեր իրոք գործ են անում երկրի համար»:
Ադամյանը լիահույս է, որ կառույցի վերակազմավորելը ճիշտ իրականացնելու դեպքում, շատ կարճ ժամանակահատվածում կունենանք շատ զարգացած գիտություն, այդ թվում և գիտական ներուժի հաշվին: