Տեղեկություններ են տարածվել, որ Վանաձորում կորոնավիրուսի մի քանի դեպք է գրանցվել, վարակակիրները կարի ֆաբրիկայի աշխատողներ են, ովքեր շփվել են իտալացի գործընկերների հետ: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ասաց, որ քիչ առաջ է խոսել «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի հետ, և նա ասել է, որ իրենց աշխատակիցներից ոչ ոք չի մեկուսացվել, Ֆաբրիկան բնականոն աշխատում է:
«Իրենց գործընկեր՝ Իտալիայից ժամանած մի քաղաքացի երեկ իրեն վատ է զգացել, դիմել է բժշկի և հիմա թեստավորում է անցնում: Նրա հետ եղած 2 թարգմանիչները ևս թեստավորում են անցնում: Նրանք ֆաբրիկայի աշխատողներ չեն, գուցե այդ անձի հետ շփվածներին մեկուսացնելու խնդիր առաջացել է, բայց ֆաբրիկայում հիվանդ չի եղել»,- ասաց Ասլանյանը:
Վանաձորի քաղաքապետը նշեց, որ Վանաձորում ևս 2 քաղաքացի է մեկուսացվել. «Ինչքանով տեղեկացված եմ Միլանի չվերթով են եկել, փորձանմուշ են վերցրել, թեստավորում են անցնում: Նրանք ևս կարանտինի մեջ են մինչև թեստի պատասխանները լինեն»,- նշեց նա: