Ճգնաժամային իրավիճակներում ցանկացած երկրի կարևորագույն խնդիրը պարենային անվտանգություն է: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ մեր երկրի պարենային անվտանգության հարցերի, խնդիրների և անելիքների  մասին: 

 

«Պարենային անվտանգությունը յուրաքանչյուր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Պարենային անվտանգության հիմքում ընկած են այն, որ երկիրը պետք է հնարավորինս ինքնաբավ լինի, այսինքն՝ արտադրի իր  բնակչության համար առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը կամ, եթե ամբողջությամբ չբավարարի, ապա, գոնե, տարվա կտրվածքով 70-80 տոկոս արտադրի»,-ասաց նա:

Տնտեսագետի խոսքով՝ մեր երկրում այդ ցուցանիշը բավականին ցածր է, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների զգալի մասը ներկրում ենք, մասնավորապես՝ ալյուր, հավի միս, ձեթ, կարագ և այլ: 

«Այս պահին որևէ սահմանափակում կամ արգելք չունենք ներկրման հարցով, քանի որ Վրաստանով և Իրանով ապրանքներ ներկրվում են: Բոլորին է հայտնի, որ սահմանները բաց են բեռնատարների համար և փակ ՝ քաղաքացիների համար»,-ընդգծեց նա:

Պարսյանը նշեց, որ մենք նաև ունենք որոշ ռազմավարական պաշարներ, որը պետությունը կուտակում է պատերազմական, արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար. «Բացի այդ, հնարավորություն ունենք օդային ճանապարհով այդ մատակարարումներն իրականացնել: Ցավոք, այս պահին մարդկանց շրջանում խուճապ կա, նրանք մեծածավալ գնումներ են անում, ընդ որում, ոչ թե մի քանի օրվա, այլ նույնիսկ՝ մի քանի շաբաթվա: Դրա վկայությունը խանութներում առկա հերթերն են: Կարծում եմ, մի քանի օրվա գնումները լիովին բավարար են: Նշեմ, որ դա պետք է անել, որպեսզի տանից հաճախակի դուրս գալու կարիք չլինի»:

Նրա կարծիքով՝ պետությունը հրատապ միջոցներ պետք է իրականացնի սոցիալապես խոցելի խմբերին օգնելու համար, մասնավորապես՝ առաջին անհրաժեշտության ապրանքների հարցում:

Անդրադառնալով հավանական արատակարգ իրավիճակ հայտարարելուն, դրա հետևանքներին և սահմանափակումներին՝ Պարսյանը նշեց, որ հավանական է՝ այդ իրավիճակում առևտրի վրա  որոշակի սահմանափակումներ լինեն: Որպես օրինակ նա նշեց Լիբանանը, որտեղ քաղաքացիները  իրենց հաշվից օրական 50 դոլարից ավելի գումար հանել չեն կարող. «Այս տարբերակով նրանք փորձում են կանխիկ գումարի հոսքը վերահսկել: Կարծում եմ՝ մեր դեպքում նման արգելքի խնդիր դեռ չկա: Թեպետ, շատ կարևոր է, որ այս ընթացքում ոչ կանխիկ վճարումներն ավելի շատ լինեն»:

Տնտեսագետը հիշեցրեց, որ նման ճգնաժամային իրավիճակներում, մարդիկ հաճախ բանկային հաշիվների գումարները ամբողջությամբ հանում են, որը ճիշտ չէ. «Նման իրավիճակներում, մեր բանկային հաշիվների,  ինչպես նաև ավանդների հետ խնդիրներ չեն կարող լինել: Վճարումներն իրականացրեք քարտերով, այլ ոչ թե կանխիկ: Կարծում եմ՝ տեղին կլիներ, որպեսզի այս իրավիճակում քարտով վճարումների դեպքում ապրանքը ավելի էժան լիներ: Օրինակ Ադրբեջանում, քարտով վճարելիս՝ ԱԱՀ ավելի ցածր է: Հորդորում է որևէ կերպ խրախուսել ոչ կանխիկ վճարումները, որը պետք է իրականցվի պետական մակարդակով»: