Թեև իշխանափոխությունից հետո շատ էր խոսվում այսպես կոչված ջրային մաֆիային արմատախիլ անելու մասին, սակայն անցել է շուրջ երկու տարի, իսկ այդ մաֆիայի մաս կազմող ՋԸՕ-ը և վերջիններիս պետերը, ում տները, ի դեպ, վարչապետը խոստացել էր մտնել ու ստուգումներ իրականացնել՝ բարգավաճում են: Գաղտնիք չէ՝ ՋՕԸ-ների տնօրենի պաշտոնը ոչ բարեխիղճ աշխատողների համար բավականին եկամտաբեր է ու կարելի է այստեղ սուս-փուս, առանց մեծ աղմուկ հանելու` «ձեռքերը մի լավ տաքացնել»: Զուր չէ, որ ՋՕԸ-ների պետերի պաշտոնները հաճախ զբաղեցնում են իշխանավորների բարեհաճությունը վայելողները:
Հայաստանում գործում են ջրօգտագործողների 42 ընկերություններ (ՋՕԸ), որոնք ջուր են մատակարարում 618 համայնքի մոտ 200 հազար ջրօգտագործողների: ՋՕԸ-ներում ֆինանսական ստուգում կատարելու իրավասություն ունեն Ֆիննախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունը և Հաշվեքննիչ պալատը, և միայն այն ՋՕԸ-ներում, որոնք սուբսիդիա են ստանում պետությունից: Նոր իշխանությունները նախընտրում են ոչ թե փակել ՋԸՕ-ն, ինչպես նախկինում էին խոստանում անել, այլ համալրել դրանք յուրայիններով: Իսկ ջուրը ինչպես գյուղացուն չէր հասնում, այդպես էլ չի հասնում. դժվար չէ կռահել, թե ուր է հոսում՝ դեպի օլիգարխների ՀԷԿ-եր՝ դեպի ջրային մաֆիայի գրպան: Ի դեպ, չնայած հավաստիացումներին, այս ոլորտում այդպես էլ ցնցող բացահայտումների ականատես չեղանք, ջրային մաֆիան էլ մնաց անտեսանելի թշնամի, որի դեմ պայքարում են, սակայն պայքարն արդյունք չի տալիս: Հայաստանի հպարտ քաղաքացիները մտածելու տեղիք ունեն, եթե ավանդույթները շարունակվում են, հետևաբար շարունակվում են նաև կոռուպցիոն դրսևորումները:
Եթե, ըստ Փաշինյանի տրամաբանության, ՋԸՕ-ը ջրային մաֆիայի գործիքն էին, ապա այսօր պարզապես տեղի է ունենում այդ գործիքը յուրացնելու գործընթաց, այսինքն՝ նորերը համակարգային փոփոխության գնալու փոխարեն՝ շարունակում են նախորդների գործելաոճը, թերևս այդպես ավելի շատ քաղաքական դիվիդենտներ կարելի է ստանալ, իսկ ինչ վերաբերվում է գյուղացիներին՝ նրանք արդեն վաղուց են մատնված բախտի քմահաճույքին…