Հոնկոնգի բժիշկները ձեռնամուխ են լինում «Ռեմդեսիվիր» (Remdesivir) փորձարարական պատրաստուկի կլինիկական փորձարկումներին, որը հնարավոր արդյունավետ է համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում: Այդ մասին մարտի 16-ին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնել է Հոնկոնգի հիվանդանոցային հաստատությունների վարչության ներկայացուցիչ Նգ Տին-յանը:

«Էթիկայի բժշկական կոմիտեն հավանություն է տվել քաղաքի պետական հիվանդանոցներում «Ռեմդեսիվիր»-ի կլինիկական փորձարկումներին: Հետազոտությունների նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են, եւ միանգամից երեք խոշոր հիվանդանոցներ՝ արքայադուստր Մարգարետի, Ուելսի արքայազնի եւ Մարիա թագուհու հոսպիտալները, կսկսեն պացիենտների հավաքագրել փորձարկումների համար»,-պատմել է դոկտորը:

Խոսքն այն հակավիրուսային պատրաստուկի մասին է, որն սկզբնապես Gilead Sciences ամերիկյան կենսադեղագործական ընկերության կողմից մշակվել էր Էբոլա տենդի եւ այլ հիվանդությունների դեմ պայքարելու համար: Մասնագետները կարծում են, որ այն կարող է արդյունավետ լինել նաեւ նոր տիպի կորոնավիրուսի բուժման մեջ:

COVID-19-ով (նոր կորոնավիրուսի հարուցած հիվանդությամբ) ախտահարված պացինետների վրա այս պատրաստուկի կլինիկական փորձարկումները արդեն կատարվում են մայրցամաքային Չինաստանում: Սպասվում է, որ դրանց արդյունքները կհրապարակվեն մինչեւ ապրիլի վերջը: Դրա հետ մեկտեղ Տայվանի գիտնականները նույնպես վերջերս ինքնուրույնաբար սինթեզել են «Ռեմդեսիվիր»-ը այն դեպքի համար, եթե այն արդյունավետ լինի կորոնավիրուսի բուժման գործում:

Ներկա դրությամբ Հոնկոնգում հաստատված է կորոնավիրուսով վարակման 149 դեպք: 61 հիվանդացածներ մնում են ստացիոնարում, 84 պացիենտներ դուրս են գրվել, եւս չորս մարդ մահացել է: