Այսօր՝ Կառավարության հերթական նիստին, վարչապետ Փաշինյանը հրապարակեց մեր երկրում առկա առաջին անհրաժեշտության պարենային պաշարների տվյալներ: Նա, մասնավորապես, նշեց, թե որ մթերքները, որքան ժամանակ կբավարարեն, եթե փակ սահմաններ լինեն: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանի հետ՝ պարզելու համար, թե նման թվերի հրապարակումը որքանով է վնասում մեր ազգային անվտանգությանը:
«Նման տվյալների հրապարակումը հանցավոր անփութության հերթական դրսևորումն է: Կարծում եմ՝ նպատակն ակնհայտ է: Փաշինյանի գերնպատակը իր հանդեպ վստահություն հարուցելն է: Սա է նրա գերխնդիրը, նրան անհրաժեշտ է, որ հասարակությունն իրեն վստահի»,-ասաց նա:
Դանիելյանը նշեց, որ վարչապետը երկրորդ կամ երրորդ քայլերի մասին չի մտածում. «Նա չի հասկանում, թե այդ ինֆորմացիան ինչպես է կարելի օգտագործել Հայաստանի դեմ և նույնիսկ Հայաստանի ներսում դա ինչ խնդրահարույց իրավիճակ կարող է հարուցել: Նրա համար գերնպատակը իր և իր ընտանիքի անվտանգություն է: Նա շատ լավ հասկանում է, որ, եթե վստահության պատշաճ մակարդակը երկրում չպահի, շատ լուրջ խնդիրներ կունենա»,-ընդգծեց Դանիելյանը:
Դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, այդ տվյալների հրապարակումը մտածված է, նա պատասխանեց. «Մտածված, բայց իր օրակարգի ներքո, այսինքն՝ նա ունի օրակարգ, որը իր և ընտանիքի անվտանգությունն է: Դա է նրա առաջնահերթությունը, և ոչ թե՝ Հայաստանի Հանրապետության կամ հայ ժողովրդի բարեկեցությունը: Ըստ այդմ, իր օրակարգի շրջանակում նա մտածել և ձեռնարկել է այդ քայլը»:
Հարցին, թե որքանով է թվերի հրապարակումը հակասում ազգային անվտանգությանը, քանի որ մեր թշնամին ևս տեսնում է այդ տվյալները, նա ասաց. «Մոտ երկու տարի է, ինչ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալվել է և մեր իշխանության բոլոր օղակներում, բոլոր ոլորտներում ներդրված գործակալներ կան: Այն գործակալները, որոնք ի սկզբանե Սահմանադրական կարգը տապալեցին: Արդեն երկու տարի մեր հակառակորդը ցանկացած ինֆորմացիա կարող է ստանալ, օրինակ Հայաստանում գործող Սորոսի գրասենյակի միջոցով: Ի դեպ, Ալիևը Սորոսի հետ անձամբ համագործակցում է: Ազգային անվտանգության առումով՝ վտանգներ կան, բայց այդ ինֆորմացիան Ալիևը վաղուց ունի, որովհետև կա Սորոսը Հայաստանում է»:
Դանիելյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է մտահոգված լինի այն առումով, որ Փաշինյանի համար առաջնահերթ խնդիրը իր անվտանգությունն է, այլ ոչ թե պետության անվտանգությունը: