Հայկական մամուլը աչքի տակով անցկացնելը բավական է պարզելու համար, թե ովքեր են Նոր Հայաստանի այն պաշտոնյաները, ում դեմ ամենամեծ թվով դատական հայցերն են ներկայացվել նախորդ և այս տարվա ընթացքում: Իհարկե, սա մի կողմից խոսում է ժողովրդավարության մասին, քանի որ նախկին իշխանությունների օրոք դժվար էր պատկերացնել նման իրավիճակ, իսկ մյուս կողմից, նշանակում է, որ ինչ-որ հարցում այդ պաշտոնյաներն ամեն դեպքում թերացել են:
 
Եվ այսպես՝ ամենաշատ դատական քաշքուկներում հայտնված պաշտոնյաների թոփ եռյակում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Մասնավորապես, Հայկ Հարությունյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի նախարար Բադասյանին ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Վ. Ավանեսյանի, Մամիկոն Դրմեյանի, Երվանդ Խունդկարյանի, Գոռ Հակոբյանի եւ Նախշուն Տավարացյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշում կայացնել կամ կարգապահական վարույթ չհարուցելու մասին հիմնավորումները ներկայացնել: Թե ինչ արդյունք կունենա հայցը, ժամանակը ցույց կտա: Նախորդ տարի էլ ՀՀ վարչական դատարան էր դիմել Գրիգոր Գրիգորյանը՝ պահանջելով, որ դատարանը ստիպի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հունիսի 20-ի որոշումը վերացնել: Նշենք, որ Գրիգոր Գրիգորյանը Խուլերի միավորման նախագահն է: Հավելենք նաև, որ այդ շրջանում՝ Հայաստանի Խուլերի միավորման գլխին սեւ ամպեր էին կուտակվել: Խուլ ու համրերը պահանջում էին միավորման նախագահի հրաժարականը, իսկ, ահա, Գրիգոր Գրիգորյանը հեռանալու հիմքեր չէր տեսնում:
 
Դատական քրոնիկոնում առավել շատ հայտնված հաջորդ պաշտոնյան Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է: Բերենք ընդամենը երկու օրինակ, թե ինչ պատմությունների մեջ է հասցրել հայտնվել մարզպետը: Հայկ Բադալյանը դիմել էր դատարան և պահանջում էր, որ դատարանը ստիպի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին անվավեր ճանաչել 2019 թվականի ապրիլի 10-ի կարգադրությունը Արամայիս Գրիգորյանին «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ գործադիր տնօրեն նշանակելու որոշումը: Հաջորդ դեպքը գրանցվել էր այն ժամանակ, երբ Գարիկ Սարգսյանն աշխատանքից ազատել էր Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն Նունե Ավանեսյանին: Վերջինս էլ դիմել էր դատարան եւ պահանջել վերանայել աշխատանքից ազատման վերաբերյալ մարզպետի որոշումը: Սա դեռ ամենը չէ: Պարզվում է` Նունե Ավանեսյանը դարձյալ դիմել էր դատարան: Այս անգամ բժշկական կենտրոնի նախկին տնօրենը Արարատի մարզպետից պահանջում էր վերացնել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված ներքին աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը:
 
Եռյակում է նաև Երևանի քաղաքապետը: Առաջին «ծիծեռնակը» մեծ աղմուկ-աղաղակով Նոր Նորք համայնքում ապամոնտաժված շինության գործն էր, որի սեփականատերը քաղաքապետի դեմ վարչական դատարան հայց էր ներկայացրել։ Քաղաքացի Դավիթ Ահարոնյանը պահանջում էր չեղարկել քաղաքապետի որոշումը և վարչական տույժ սահմանել շինությունն ապամոնտաժողների նկատմամբ։ Հաջորդ դեպքը գրանցվել էր, երբ «Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանին գրավոր հարցում էր ուղարկել՝ պահանջելով իրենց տրամադրել «ՍանիՏեքի» հետ կնքած պայմանագրի պատճենը: Քաղաքապետարանը, սակայն, հրաժարվել է պայմանագիրը հրապարակել, ինչն էլ դարձել էր Մարությանին դատի տալու պատճառ:
 
Սրանք ընդամենը մի քանի դեպքեր են, իրականում դրանք բազմաթիվ են, դատական հայցերի պատճառներն ու հիմքերն էլ՝ տարաբնույթ: Իսկ քաղաքացիներին մնում է ենթադրել՝ ի՞նչ նշան է ի վերջո դատական հայցերի այս տարափը՝ ժողովրդավարությա՞ն, թե՞ ամեն դեպքում ոչ կոմպետենտ աշխատանքի...