Օրերս ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը դիմում է ուղղել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին՝ կարգապահական վարույթ հարուցել փաստաբաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Միհրան Պողոսյանի դեմ: Դիմումի համաձայն՝ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորել դատարանի և դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղինակությունը:

 

Իրավապաշտպաններն ու փաստաբաններն իրենց ֆեյսբուքյան էջերում անդրադարձել են դրան՝ օգտագործելով #ԲԴԽլավէլի հեշթեգը: Մասնավորապես, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հրապարակել է տարիներ առաջ արված իր լուսանկարը կից գրելով. «Ուղիղ 17 տարի առաջ՝ 2003թ․ ԱՄՆ-ի Կանզաս-Սիթի քաղաքի, Միսսուրիի նահանգային դատարանում, դատարանի նախագահի ներկայությամբ լուսանկարվեցի դատավորի աթոռին։ Զարմանալիորեն, պահվածքս ԱՄՆ դատական իշխանության կողմից չդիտարկվեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ»,- գրել է նա։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս լուսանկար է հրապարակել և գրառել«2010 թվականի ամռանը չարամտորեն նստեցի Լոս Անջելեսի քաղաքային դատարանի դատավորի աթոռին։ Էդ օրվանից հետախուզման մեջ եմ անհարգալից վերաբերմունքի հոդվածով, իսկ «ախպեր, դրոշը պահի նկարվեմ» խնդրանքս չմերժած մարշալը դեռ կրում է ազատազրկման ձևով պատիժը»։

Վերջիններիս օրինակին է հետևել նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանը. «Հարգելի ԲԴԽ, սա էլ ես մի քանի տարի առաջ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի աթոռին, դա քիչա, մի հատ էլ պարոն Օհանյանի պատմուճանով (միայն այդ չափսը եղավ)»,- գրել է  նա։


Հիշեցնենք, որ մարտի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը դատավոր Աննա Դանիբեկյանի վատառողջ լինելու պատճառով չի կայացել, դատարանի դահլիճում գտնվող փաստաբան Միհրան Պողոսյանը նստել էր դատավորի աթոռին, Հովհաննես Խուդոյանը՝ մեղադրողի աթոռին, Հայկ Ալումյանն էլ հարվածել էր սեղանին։