«Օբյեկտիվ անհրաժեշտություն է՝ իրավիճակից ելնելով»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կդադարեցվի որոշ արդյունաբերական ոլորտների գործունեությունը:

Ըստ նրա՝ սննդամթերքի, դեղագործության արտադրությունը ոչ մի պարագայում չպետք է կանգնի. «Արտադրական այն ցիկլերը, որոնք հնարավոր է հեռահաղորդակցմամբ կառավարել, կարելի է հեռավար իրականացնել: Իսկ մյուսների դեպքում պետք է կատարել սիստեմատիկ ախտահանում, հսկողություն աշխատողների նկատմամբ, հիգիենայի պահպանում»,- ասաց նա:

Օրեր առաջ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ իր նկատառումներն էր ներկայացրել կառավարությանը:

«Մենք առաջարկ էինք ուղարկել կառավարություն՝ միջոցառումների որոշակի ցանկի մասին, երեկ տարածված նախագծում նաև մեր առաջարկի դրույթները կային: Բիզնեսի աջակցման ծրագիրը ողջունելի է: Շատ կարևոր է, որ բիզնես հանրությունը հասկանա պահի լրջությունը և փորձի վերախմբավորվել, օգտվել օգնության համակարգերից, վերազինվել, հումք ձեռք բերել: Օր օրի գործարարների և կառավարության ներկայացուցիչների հետ պետք է գտնենք օպտիմալ լուծումներ՝ ապահովելու մեր տնտեսությունը բնականոն աշխատանքը: Իսկապես, կորոնավիրուսի ժամանակ կյանքը չպետք է կանգնի: Տնտեսության կառավարման ոլորտում պետք է որդեգրվի նոր մտածելակերպ և մշակույթ»,- նշեց նա՝ ընդգծելով, որ կառավարությունն իր քայլը արել է և էֆեկտիվ գործիքակազմեր է կիրառում:

Ինչ վերաբերում է աշխատողներին աշխատավարձով ապահովելուն, ապա Ղազարյանը նշեց, որ փոքր բիզնես ոլորտների աշխատողների աշխատավարձի կոմպեսացման համակարգը ծրագրում արդեն կա, իսկ խոշոր բիզնեսներն ունեն հնարավորություն՝ աշխատավարձով ապահովելու իրենց աշխատակիցներին։

Նրա խոսքով՝ հարկավոր է մտածել սպառողական շուկայի գնողունակության մասին, ուստի՝ իր և գործարարների անունից կոչ է անում բանկերին սպառողական վարկեր տրամադրելու գործընթացը չդադարեցնել, քանի որ առաջնային է ազգաբնակչության սպասարկման ոլորտը, որը շղթայական բերում է առևտրի ոլորտ:

Վարչապետը խոսել է տնտեսվարողներին վարկեր տալու, սուբսիդավորելու մասին, ո՞ւմ պետք է սուբսիդավորել կամ վարկավորել՝ հարցին ի պատասխան Ղազարյանն ասաց, որ նախագիծը դրվել է քննարկման և դեռ մեխանիզմներ կկազմվեն, սակայն կարծում է, որ առաջին հերթին հնարավորություն պետք է տալ փոքր բիզնեսին, որը զգալի քանակ է, հետո՝ միջինին:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշեց՝ հունվար, փետրվար, մարտ ամսի սկզբին աշխատել են նույն ծավալով. «Միայն Իրանից եկող բեռներն են առանձին կարգավիճակով անցնում: Բեռների որոշ տեսակ, որը մեր շուկային անհրաժեշտ է և իրանական կողմը կարողանում է իր ծանր վիճակից ելնելով մատակարարել, շարունակում ենք ստանալ: Բեռները գալիս են Երևանից 90 կմ հեռու, Ավշար գյուղի տարածքում ունենք բեռնահամալիր, որտեղ դատարկվում են բեռնատարների մեջ, իսկ որոնք տեխնիկական իմաստով հնարավոր չէ դատարկել ոստիկանության և բժշկական հսողության ներքո գալիս են վերջնական սպառման»,- նշեց Ղազարյանը: