Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ մեքենաներից 92 հոգի, որպես երրորդ անձ, դուրս են հրավիրվել ոստիկանների կողմից՝ ընդգծելով, որ դա արվում է երկրում արտակարգ դրության ռեժիմում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների հետ կապված: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը իրավաբան Հակոբ Սաֆարյանից փորձեց պարզել, թե որքանով է սա իրավաչափ:

 

«Պարետի որոշումն է այն, որ երկու անձից ավելի չպետք է միևնույն մեքենայով երթևեկեն: Հարցն այս որոշման իրավաչափությունն է: Օրինակ, տանը կարող են երեք կամ չորս հոգի լինել, ովքեր, բնականաբար, միասին են ապրում, ընտանիք են, բայց նույն այդ մարդիկ միասին երթևեկել չեն կարող: Սա մի քիչ տրամաբանական չէ»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ, այնուամենայնիվ, դա որոշում է, որին պետք է հետևել.

 

«Կարծում եմ, պետք է բողոքարկվեր, քանի որ այս տարբերակով թերի է: Չգիտեմ՝ որն է տրամաբանությունը:

Օրինակ ասում են՝ երրորդ անձանց իջեցնում ենք մեքենայից: Անձամբ ես չգիտեմ, թե ինչպես է որոշվում՝ ով է երրորդ անձը կամ որն է ավելի ապահով՝ երբ մարդ երթևեկում է իր ընտանիքի հետ, թե  երբ տաքսիից  է օգտվում: Ամեն դեպքում, որոշումը սա է, որի թերություներից անկախ՝ պետք է հետևենք»: