Հայաստանում խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները, որոնք պայմանավորված էին արտակարգ դրությամբ, բերվել են նվազագույն մակարդակի: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր համապատասխան որոշման մեջ:

«Սահմանափակումները վերաբերում են բացառապես առողջապահական թեմաներին, և սա կարևոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր, ընդհանուր առմամբ, որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,- ասաց վարչապետը՝ քաղաքացիներին կոչ անելով կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության հայտնած տեղեկությունների հետ:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: