ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի սրահում ներկայացրեց ոստիկանության կողմից կորոնավիրուսի տարածման կանխման աշխատանքների մանրամասները:
«Մարտի 24-ից ՀՀ և ԼՂՀ սահմանը չորս վայրերից փակվել՝ է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, արդյունքում՝ կան սահմանափակումներ տեղաշարժի հետ կապված: Արցախ կարող են գնալ այն մարդիկ, ովքեր ունեն հաշվառում, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող անձինք, լրագրողները, ինչպես նաև պաշտպանության բանակը սնուցող և մատակարարող գործառույթներ իրականացնող կազմակերպությունները»,- ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ ինքնամեկուսացումը խախտած քաղաքացիներից 1889 հոգի ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ ավտոմեքենաներում սահմանված քանակից ավելի մարդ լինելու պատճառով՝ տրանսպորտային միջոցից իջեցվել է 1843 ուղևոր, ինչպես նաև հասարակական տրանսպորտի 48 վարորդ ենթարկվել է վարչական տույժերի՝ սահմանված կարգից ավելի ուղևոր տեղափոխելու պատճառով:
«Չեմ բացառում, որ քաղաքացիների կուտակումներ լինեն ծայրամասերում, բայց ուզում եմ նորից հիշեցնել, որ ոստիկանության թվաքանակը սահմանափակ չէ, ոստիկանությունն իր ծառայությունն իրականացնում է նշված երթուղիներով, հաջորդաբար, և փորձում է գործընթացը կառավարելի պահել»,-նշեց Մհրյանը:
Նա ընդգծեց, որ ոստիկանների համար, գուցե, որոշ դժվարություններ են առաջանում, բայց դա իրենց համար ծառայություն է, որը պետք է պատշաճ իրականացնել