Տնից՝ խանութ, խանութից՝ տուն, վարակի դեմ հումորով պայքարող գյումրեցիներն էլ, ուզած-չուզած, մեկուսացել են իրենց տներում: Քաղաքի կենտրոնական փողոցներում մարդկանց հոսքը կտրուկ նվազել է, շրջող հատ ու կենտ քաղաքացիներն էլ կամ գործ ունեն դրսում, կամ մարզվում ու շտապում են շուկա: Քաղաքացիների քանակը նվազել է, փոխարենն աճել է ոստիկանների թիվը. գրեթե բոլոր փողոցներում փոքր խմբերով կամ մեքենաներով նրանք ստուգում են՝ արդյոք մարդիկ հետևում են արտակարգ դրության սահմանափակումներին:

 

 
 

Լրագրողի ներկայությամբ ոստիկանությունը ստուգել է այդ պահին անցնող զույգին, պարզվեց՝ անձնագրեր ունեն, ձեռագիր լրացված թերթիկներ էլ, սակայն դրանց մեջ ելքի և վերադարձի ժամեր գրված չէին: Ոստիկանները խնդրեցին այդ պահին ավելացնել նաև ժամերն ու զգուշացրին՝ հաջորդ անգամ կտուգանեն: Ոստիկանների պնդմամբ՝ շրջող քաղաքացիների խիստ մեծամասնությունն ունենում է թերթիկներ և անձնագրեր, չունեցողների հիմնական մասն էլ մեծահասակներ են, որոնց արդարացումը կարգին տեղյակ չլինելն է:

«Մեծահասակներին անընդհատ բացատրում ենք, խնդրում, որ հետևեն ցուցումներին: Մյուսների հետ էլ բացատրական, նախազգուշական աշխատանքներ ենք տանում, չենք ուզում առաջին անգամից նեղացնել մեր քաղաքացիներին»:

Ի տարբերություն քաղաքի կենտրոնական փողոցների, շենքերի բակերում մարդիկ ավելի շատ էին՝ խաղացող երեխաներ, զրուցող տղամարդիկ ու կանայք, նրանք, մոռացած սոցիալական հեռավորություն պահելու և շփումները սահմանափակելու բոլոր ցուցումները, շարունակում են իրենց բնականոն կյանքը:

«Մեկուսացած ենք, նաև՝ երկու մետր հեռու է կանգնած, մենք էլ սաղս լվացված ու մաքուր ենք, մեր մոտ վիրուս չկա»,-ասում են բակում հավաքվածները:

Շենքերի բակերում ծառայություն իրականացնող ոստիկաններն էլ դժվարանում են ստիպել մարդկանց չիջնել բակ: Ասում են՝ անընդհատ զգուշացնում ենք, հերթափոխ նշանակում, որ մի խումբը բարձրանա տուն, մյուսն՝ իջնի:

Այլ մանրամասները՝ տեսանյությում:

Աիդա Կիրակոսյան