Շմիդտի օվկիանոսագիտության ինստիտուտի ստորջրյա սարքը տեսանկարել է հսկայական սիֆոնոֆոր, որը պատկանում է Apolemia տեսակին: Այս մասին հաղորդում է Newsweek-ը:
Բացառիկ թելանման էակին գտել են Ավստրալիայի արևմտյան ափերին' Նինգալու կանյոնի խոր ջրերում: Գիտնականների գնահատականներով' նրա արտաքին օղակի տրամագիծը կազմել է մոտ 15 մետր, իսկ երկարությունը կարող է հասնել 50 մետրի և համապատասխանում է 11 հարկանի շենքի բարձրությանը: «Ամենայն հավանականությամբ, դա գիտությանը հայտնի ամենամեծ նմուշն է»,- նշվում է Շմիդտի ինստիտուտի Twitter-ի էջում:
Ամերիկացի կենսաբան Ռեբեկա Հելմը (Rebecca Helm) չի բացառում, որ սիֆոնոֆորը, որին գտել են մասնագետները, մեծացել է տասնյակ և նույնիսկ 100 տարի: «Ես շատ անգամ եմ եղել գիտարշավներում, բայց երբեք չեմ տեսել նման բան»,- ասում է նա: Նրա խոսքով' նմուշների մեծամասնությունը, որոնք նրան հանդիպել են, եղել են 20 սմ-ից մինչև 1 մետր երկարությամբ: