Հայտնի են դարձել շախմատի աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ առցանց կազմակերպվող սուպերմրցաշարի մասնակիցների ցանկը:

Նորվեգացի շախմատիստի հետ գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Յան Նեպոմնյաշչին (Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ) և Ալիռեզա Ֆիրուջան (Իրան)։

Մագնուս Կառլսենի կողմից հրավիրված շախմատիստների ցուցակում է եղել նաև Լևոն Արոնյանը, սակայն մեր ուժեղագույն գրոսմայստերը կնոջ՝ Արիանա Կաոլիի մահվան պատճառով, հրաժարվել է մասնակցությունից: Նրան փոխարինել է իրանցի շախմատիստը:

Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18–ին։ Սկզբում շրջանաձև մրցակարգով կորոշվեն լավագույն չորս շախմատիստները, որոնք հետո նոկաուտ ձևաչափով կվիճարկեն առաջին տեղը։ Մրցանակային հիմնադրամը կազմում է 250 հազար դոլար։