Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն առանց մրցույթի կամ նույնիսկ մրցույթի արդյունքում, սակայն խնամի-ծանոթ-բարեկամին պաշտոն շնորհելը անվանում էր ՀՀԿ ձեռագիր: Արդյո՞ք հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում չի հանդիպել ՀՀԿ ձեռագրի կրկնություն: Դիցուք, այս թվականի մարտի 25-ին Սարգիս Միշայի Գրիգորյանը նշանակվել է Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների բաժնի պետ, հավանաբար առանց որևէ մրցույթի. որևէ տեղ չկա տեղեկություն, որ տվյալ պաշտոնի համար մրցույթ է կայացել:
 
Եվս մեկ հետաքրքիր փաստ. մարզպետարանում կատարվող բոլոր նշանակումները տեղադրվում են մարզպետարանի ֆեյսբուքյան էջում, իսկ այս մեկի մասին, չգիտես ինչու, լռել են: Ուշագրավը, սակայն, միայն առանց մրցույթի պաշտոնը ստանձնելը չէ: Գրիգորյանը նաև 2018-ին քրեական գործով անցել է որպես ամբաստանյալ:
 
Մասնովորապես, datalex կայքից տեղեկանում ենք, որ Արմեն Միշիկի Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով, ինչպես նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, իր պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Դավիթ Ալբերտի Դավթյանի իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին: Այս քրեական գործին անդրադարձել էր նաև մամուլը:
 
Եղան նաև մրցույթներ, որտեղ հաղթողը այս կամ այն պաշտոնյայի հետ փոխկապակցված անձ էր: Մամուլի հրապարակումների համաձայն՝ ՊԵԿ-ում տեղի ունեցած օպերատիվ հետախուզության վարչությունան գլխավոր օպերլիազորի երկու հաստիքի համար մրցույթում հաղթել է Սերժ Սարգսյանի օգնականի թոռը՝ Նարեկ Զաքարյանը, ում հայրը՝ Տիգրան Զաքարյանը, ՊԵԿ-ում վարչության պետ է։
 
 
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր բարեկամների պաշտոններին է նշանակում, նա չի հերքում և «չի արդարանում»` ասելով. «Ես ամենևին չեմ արդարանում, արդարանալու համար կասեի՝ ոչ, իմ բարեկամն ու ազգականը չեն»։ Օրինակ, Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետարանում աշխատանքի է ընդունել իր զարմիկին՝ Գևորգ Մանուկյանին, ում նշանակել է իր օգնականի պաշտոնում: Մարզպետը պաշտոն էր տվել նաև իր բաջանաղ Արտավազդ Նազարեթյանին, ով նշանակվել է որպես մարզպետի տեղակալ:
 
Երևանի համար աղբամանների գնման մրցույթում հաղթել էր Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության նախկին պետ Արարատ Խաչիկյանի քրոջ որդին։
 
Սրանք ընդհամենը մի քանի օրինակներ են, որոնք, սակայն, վկայում են, որ Նոր Հայաստանում էլ շարունակվում է ՀՀԿ ձեռագիրը…