ԵՄ հինգ երկրներում ապրիլի 20-ից կորոնավիրուսային համաճարակի պատճառով կիրառված որոշ սահմանափակումներ հանվում են, գրում է Deutsche Welle-ն:
Գերմանիայում այօրվանից թույլատրվում է առևտրային տարածքների աշխատանքների վերսկսումը, որոնց մակերեսը չի գերազանցում 800 քմ-ը, ինչպես նաև բացվում են ավտոսրահները, հեծանիվների խանութները և գրախանութները: Չեխիան ապրիլի 20-ից սկսում է հանրային կյանքի վերսկսման՝ հինգ փուլից բաղկացած ծրագիրը: Շուկաներին թույլատրվում է վերսկսել աշխատանքը: Քաղաքացիներն այժմ կարող են անցկացնել նաև բացօթյա սեմինարներ, մեկնել գործուղման այլ երկրներ կամ այցելել հարազատներին: Վերադառնալուց հետո բոլորը պետք է 14 օր մնան կարանտինում։
Ֆրանսիայում թույլատրվելու է այցելել ծերանոցներ, սակայն ֆիզիկական շփումը դեռ արգելված է: Միայն երկու հարազատ կարող են միանգամից այցելել տարեց մարդու: Հարկ է նշել, որ կորոնավիրուսը գրանցվել է ֆրանսիական ծերանոցների 45%-ում:
Նորվեգիայում իրենց աշխատանքը կվերսկսեն մանկապարտեզները, ինչպես նաև առողջապահության ոլորտի որոշ մասնագետներ: Ավագ դպրոցները, համալսարանները, վարսավիրանոցները, մերսման և գեղեցկության սրահները նախատեսվում է բացել մեկ շաբաթից:
Չնայած այս օրերին կորոնավիրուսի մեծ տարածմանը՝ Լեհաստանում զբոսայգիները և անտառները բաց են այցելուների համար: Մեծանում է մարդկանց թվաքանկը, որոնք միաժամանակ կարող են մուտք գործել խանութներ: