«Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Այս առիթով Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Կիևի հայ համայնքը և Կիևի Հայ Առաքելական Եկեղեցին պատրաստել են տեսանյութ` նվիրված 1915-1921թթ․ ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակին: Տեսաուղերձում Ուկրաինայի առաքելական եկեղեցու առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը հարգանքի տուրք մատուցեց զոհվածներին և կոչ արեց հանձնառություն ցուցաբերել պատմական արդարության առաջ մղման գործում: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը խոսեց հետնորդների առջև դրված հիմնական խնդրի մասին` կանխել այդ սարսափելի ողբերգությունը կրկնելու ցանկացած փորձ: Կիևի հայ համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը շեշտեց, որ հայ ժողովրդին պատահած դժվարություններն ու տառապանքը նրան ավելի են կոփել, ավելի ուժեղ են դարձրել և ավելի են համախմբել: Կիևի հայ երիտասարդության ներկայացուցիչները ընթերցել են ուկրաինացի բանաստեղծուհի Լինա Կոստենկոյի «Ցավդ տանեմ» հուզիչ բանաստեղծությունը:
Այս տարի COVID-19- ի հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով մենք չենք կարող անցկացնել երթ, ծաղիկներ խոնարհել, մասնակցել ֆլեշմոբի, բայց մենք կարող ենք աղոթել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար և մտովի միանալ նրանց, ովքեր «Հիշում և պահանջում են»», -ասված է Կիևի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսաուղեձի մակագրության մեջ: