Զբոսաշրջությունը կանգնած է ողջ աշխարհում, և կանգնած է զբոսաշրջային բոլոր ընկերությունների աշխատանքը, տնտեսվարողների եկամուտները զրոյացվել են, սակայն նրանք ունեն հարկային ու վարկային պարտավորություններ, ինչպես նաև աշխատատեղերը պահպանելու պարտավորություն: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է ոլորտի զգայուն կողմերի, կրած վնասների և վերականգնման սպասվելիք փուլի մասին:

 
 

«Ստեղծված ծանր իրավիճակում շատ կարևոր է իշխանության մոտեցումը: Կա երկխոսություն պետության և մասնավորի միջև: Այդ երկխոսության շնորհիվ կարողացանք լրացնել ու շտկել այն բացթողումներն ու թերացումները, որոնք կային կառավարության առաջարկած աջակցության ծրագրերում: Օրինակ՝ փոփոխվեց հարկային բարվոք պատմություն ունենալու չափանիշը, ծրագրում նշված էր, որ հարկային պարտավորությունները չկատարած կամ խախտած տնտեսվարողները չեն կարող օգտվել ծրագրից: Այս կետը համատեղ աշխատանքի շնորհիվ մեղմվել է և այնպես է ձևակերպվել, որ, այդ տնտեսվարողներին ևս հատկացվի աջակցություն: Եթե փոխհամագործակցություն չլիներ, ոչ մի ընկերություն աջակցություն չէր ստանա, որովհետև ծրագրերում տեղ գտած կետերը սահմանափակ էին, չափորոշիչներն էլ ճիշտ չէին ընտրված: Այդ խնդիրների պատճառով հիմա նոր-նոր տնտեսվարողներն սկսել են դիմել աջակցություն ստանալու համար»,- ասաց Ապրեսյանը:

Ապրեսյանի կարծիքով` կառավարությունը պետք է տուրիզմին վերաբերող ամբողջական առանձին փաթեթ ստեղծի, որն ավելի արդյունավետ գործիք կդառնա ոլորտը փրկելու գործում: 

«Մի շարք նոր առաջարկներով քննարկումներ ենք ունեցել էկոնոմիկայի նախարարի, պատգամավորների հետ: Շատ կարևոր է, որ պետությունը սեղմ ժամկետներում ավելի արագ քայլեր ձեռնարկի, ինչի համար մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել: Առաջին օգնությունը պետք է ցուցաբերեն բանկերը՝ իրապես սառեցնելով վարկերի մարումներն ու վճարումները: Ասածս իրական վարկային արձակուրդի մասին է, ոչ թե այն անիմաստ արձակուրդի, որի մասին հայտարարեցին բանկերը: Չպիտի հայտարարեն վարկային արձակուրդ, ու երկու ամիս անց պարտադրեն փակել այդ ամիսների գումարը»,- նշեց նա: 

Կառավարությանն արված հաջորդ առաջարկը վերաբերում է աշխատատեղերի պահպանմանն ուղղված գործիքին:  Առաջարկով մասնավորը կպահպանի եղած աշխատատեղերը, իսկ պետությունը կսուբսիդավորի ամեն երրորդ աշխատակցի աշխատավարձը:

«Սա իրական աջակցություն կլինի տուրիզմի ոլորտին, և, իհարկե, սրանով կրճատումից կփրկենք հարյուրավոր աշխատատեղեր: Պետությունն ինքնին կողմ է համակարգային լուծումների տարբերակին, իսկ այս առաջարկի միջոցով իսկապես հնարավորություն է տրվում տուրիզմի բյուջե փող ներարկել»,- ասաց Ապրեսյանը՝ նշելով, որ վերջին տարիներն տուրիզմը Հայաստանում զարգացում է ապրել, դրանով պայմանավորված էլ ոլորտային ընկերություններն ու բանկերը արդարացված համագործակցության են գնացել և մեծ ներդրումներ կատարել ոլորտում: 

«Իրավիճակն անկանխատեսելի է, բայց ամեն կերպ պիտի պահենք ունեցածը: Մենք մեծ հույս ունենք, որ ոլորտի վերկանգնողական փուլը կսկսվի այս տարի՝ աշնան սկիզբ: Դա, ըստ էության, վատ սեզոն չէ, բայց հաշվի ենք առնում, որ դրանից անմիջապես հետո սկսում է պասիվացման սեզոնը: Պասիվացման սեզոնը փոքր-ինչ կոտրում է Ամանորը, որովհետև վերջին տարիներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թվի աճ է նկատվել հենց այդ ժամանակահատվածում: Ձմեռային զբոսաշրջության հետաքրքիր առաջարկներ ու զարգացումներ ունի Հայաստանը, բավական գրավիչ է դարձել զբոսաշրջիկների համար: Այս փաստը հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ Ամանորը վերականգնողական փուլում ոչ մեծ, բայց դրական ազդեցություն կունենա մեր երկրի համար»,- ասաց նա:

 

Ամանորից հետո կրկին պասիվության կանխատեսումներ ունի Ապրեսյանը, սակայն լավատեսությունը հաղթում է նրան, և նա պնդում է, որ մարտի կեսերին, իրանական Նովրուզով պայմանավորված՝ նոր թափ կառնի տնտեսության այս ճյուղն ու իսկական ակտիվությունը կսկսի ապրիլի կեսերից:

 Աիդա Կիրակոսյան