COVID-19-ի դեպքում վտանգավոր բարդությունների հետ ավելի հաճախ բախվում են այն պացիենտները, որոնք առողջության հետ կապված քրոնիկ խնդիրներ ունեն։ Ինչպես հաստատում է Վենսթմինսթերյան համալսարանի սրտաբանական հետազոտությունների պատվավոր գիտաշխատող դոկտոր Դևիդ Գեյզը, COVID-19-ով պացիենտների մոտ 10%-ը տառապում է սրտի հիվանդություններով, շաքարախտով և հիպերտոնիայով։ Ընդ որում, այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են ասթման կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) ծանր բարդությունների վիճակագրության մեջ զբաղեցնում են ընդամենը 6%-ը։ Նման տվյալներ արտացոլվել են Չինաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից պացիենտների մասին զեկույցներում։

Ինչպես պարզվել է, բոլոր ծանր դեպքերում կորոնավիրուսը խթանում է բորբոքային ռեակցիայի առաջացում, որը կոչվում է միոկարդիտ։ Վիրուսը կարող է վարակել սրտի բջիջները՝ առաջացնելով մկանային հյուսվածքի ուժեղ բորբոքում և թուլացնելով արյուն մղելու ու բոլոր օրգանները թթվածնով մատակարարելու սրտի ունակությունը։ Այդ մասին հաղորդում են Նյու Յոքի Mount Sinai Health System hospitals-ի գիտնականները։

medRxiv կայքում հրապարակված հետազոտության մեջ գիտնականները հայտնել են, որ տրոպոնինի՝ մկանային կրճատումներին մասնակցող մշտական սպիտակուցի մակարդակի բարձրացում դիտարկվել է Մաունթ Սինայի հիվանդանոցներից մեկի 2736 պացիենտներից համարյա 40%-ի մոտ։

COVID-19-ով հոսպիտալացված պացիենտների 20%-ից պակասը ունեցել է ավելի քան 0,09 նգ/մլ տրոպոնին, սակայն նույնիսկ այդպիսի ցուցանիշներով մարդիկ ունեցել են մահացության զգալիորեն ավելի բարձր ռիսկ՝ համեմատած նրանց հետ, որոնց մոտ տրոպոնինը եղել է ռեֆերենտային միջակայքի սահմաններում։ Բացի այդ, պացիենտների 2%-ը ունեցել է տրոպոնինի 2 նգ/մլ մակարդակ, ինչը վկայում է ծանր բարդությունների մասին։

Իրենց հետևություններում հետազոտողները շեշտադրել են տրոպոնինի մակարդակը որպես ռիսկի մարկեր օգտագործելու անհրաժեշտությունը, որը կօգնի բժիշկներին նվազեցնել միոկարդի վնասվածքները։

Դևվիդ Գեյզի խոսքերով՝ գիտնականները դեռևս չեն հասկանում, թե ինչպես և ինչու է կորոնավիրուսը ազդում սրտի վրա, բայց դրա համար կարող է լինել մի քանի պատճառ: Առաջին հերթին, սրտի վնասումը կարող է կապված լինել բջիջների մեջ վիրուսի ներթափանցման հետ: Վիրուսի մակերևույթի փշի տեսքով սպիտակուցը ֆիքսվում է բջջային մակերևույթի ռեցեպտորի վրա, որը կոչվում է ACE2: Սրտի հիվանդություն ունեցող պացիենտների մոտ բջջի մակերևույթին ավելի շատ ACE2 ռեցեպտորներ կան, ինչը կարող է հանգեցնել նրան, որ մեծ քանակությամբ վիրուսային մասնիկներ ընկնեն բջջի մեջ՝ առաջացնելով ավելի շատ բորբոքում, քան առողջ սրտով մաիդկանց մոտ։

Հնարավոր է նաև, որ սրտի վնասմանը հանգեցնում է պաթոգենի հանդեպ օրգանիզմի ռեակցիան։

«Շատ վիրուսներ օրգանիզմին հասցնում են ծանր հարված, որին սիրտը չի կարողանում դիմանալ, այդ պատճառով սրտի հիվանդություններից ավելի շատ մարդ է մահանում, քան թոքերի հիվանդություններից։ Այդ իմաստով COVID-19-ը նման է մյուս շնչառական համավարակներին»,- հայտնել է Գեյզը։

med.news.am