ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ոստիկանությունից ԼՈւՐԵՐ.com-ին փոխանցեցին, թե աշխատանքից ազատումը պայմանավորված է կադրային փոփոխություններով, սակայն չհաստատեցին տեղեկությունը, որ այն անմիջական կապ ունի օրեր առաջ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպով, որն ավարտվել էր մի քանի անձի մահվան ելքով: «Ոստիկանությունում մշտապես կադրային փոփոխություններ լինում են, որոնք պայմանավորված են աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելով»,- ասացին ոստիկանության լրատվական բաժնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառում կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով 2 մարդ մահացել էր, իսկ 4–ը տեղափոխվել էին հիվանդանոց։ Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ որոշ մարդիկ գիշերը մտել են Գավառի հիվանդանոց ու վիրավորներից երկուսի վիզը կտրել։ Դեպքերի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննություն էր նշանակվել։