Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ առանձնազրույցից հետո ընդլայնված կազմով հանդիպում է անցկացրել քաղաքապետարանում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել Ստեփանակերտի ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը:
Արայիկ Հարությունյանն իր գրառման մեջ նշել է. «Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների եւ բնակելի տներով ապահովման հարցերը:
Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը»։