Մոսկվայում ՀՀ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում մեկուսացված մեր հայրենակիցներն օգնության կարիք ունեն: Թեև չեն դժգոհում կեցության պայմաններից, սակայն անհանգստանում են՝ հայտնի չէ, թե երբ կվերադառնան Հայաստան: Ոմանք ասում են՝ առողջական խնդիրներ ունեն, պետք է բուժում ստանան, ոմանք էլ, թե Հայաստանում մեծահասակ հարազատներ ունեն, ովքեր իրենց խնամքի կարիքն ունեն: Նրանք նշում են՝ գումար չունեն, որպեսզի կարողանան օգտվել բուժծառայություններից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 31-ամյա հայ տղամարդու մոտ ինֆարկտի նախանշաններ են առաջացել, նրան հյուրանոցից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց՝ վերակենդանացման բաժանմունք, ինչպես նաև հյուրանոցում գտնվող հղի կնոջ վիճակն է վատացել, սակայն շտապօգնությունը օգնություն ցուցաբերելուց հետո վերջինիս թողել է հյուրանոցում։ Հյուրատներում մեկուսացած տղամարդկանցից մի քանիսի մոտ էլ առկա է ջերմություն, բայց նրանք չունեն բժշկական ապահովագրություն ՌԴ-ում, հետևաբար տեղում բժշկական օգնությունն իրենց համար վճարովի է։ Նշենք, որ մարտի 20-ից մինչև այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպանության օժանդակությամբ մերձմոսկովյան հյուրանոցներում ապահովվել է ՀՀ 1200 քաղաքացու կեցություն: Այսօրվա դրությամբ դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներում, հյուրատներում և ժամանակավոր կացարաններում գտնվում է ՀՀ 350 քաղաքացի, որոնք ապահովվում են սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով։ ՌԴ-ից ՀՀ վերջին չվերթը եղել է ապրիլի 23-ին, թե ե՞րբ կլինի հաջորդը՝ դեռևս անհայտ է։ Ապրիլ ամսին կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում Ռուսաստանից Հայաստան է վերադարձել մոտ 1500 քաղաքացի, որոնցից ավելի քան 1300-ը՝ անվճար հիմքով։

 

Սոնա Հարությունյան