Ղրղզստանի կառավարությունը խնդրել է Ռուսաստանի ղեկավարությանը կորոնավիրուսային համավարակի պատճառով վերանայել ռուսական բնական գազի մատակարարման գինը՝ հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի կաբինետի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Կորոնավիրուսային վարակի տարածումը, գործարար գործունեության անկումը և ազգային արժույթի արժեզրկումը հանգեցրել են բնակչության գնողունակության նվազմանը: Հետևաբար ղրղզական կողմը խնդրում է վերանայել բնական գազի գների հարցը», – ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նաև հանրապետության նախարարների կաբինետը մտադիր է ռուսաստանյան կողմի հետ քննարկել ռուս-ղրղզական զարգացման հիմնադրամի ազատ միջոցների ծախսման հարցը՝ բիզնեսը ֆինանսավորելու համար:
Ներկայում Ռուսաստանից Ղրղզստան հազար խորանարդ մետր բնական գազի մատակարարման գինը կազմում է 150 դոլար: