«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանրապետականների հետ առաջ է տանում այն թեզը, թե ՀՀԿ-ն թալանչի էր և ուներ անտաշ պատգամավորներ, բայց այս նոր իշխանությունն էլ է այդպիսին, ԱԺ ճեպազրույցի ընթացքում լրագրողներին ասաց «Իմ քայլը»-ը պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանն ակնարկեց, որ ԼՀԿ-ն ու ՀՀԿ-ն համագործակցում են ոչ բացահայտ ձեռքսեղմամբ, նրանք միտված են իրականացնել մեկ նպատակ:

«ԼՀԿ-ն փորձում է տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ում պրոֆեսիոնալներ չեն: Ուզում են տպավորություն ստեղծել, որ պատգամավորները լուրջ չեն, չեն տարբերվում նախկին ԱԺ պատգամավորներից, բռնությանը կողմ են և այլն, և այլն։ Շատ տրամաբանական է, թե ում էր ձեռնտու այս համատեքստը ստեղծել՝ նախկին իշխանություններին, որոնք չէին անցել ԱԺ»:

Պատգամավորը վստահ է, որ վերջին շրջանում ԼՀԿ-ն, կամա, թե ակամա, գտնվում է այս համատեքստում, որովհետև ԼՀԿ ղեկավարի և որոշ պատգամավորների պահվածքը հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան որպես փորձ՝ ԱԺ-ն ապալեգիտիմացնելու։ Ռուբինյանի կարծիքով, այնուամենայնիվ, Մարուքյանը դեռ կարող է ապացուցել, որ ՀՀԿ թևից չէ, դրա համար պարզապես պետք է դառնա բովանդակային ընդդիմություն և չհայհոյի խորհրդարանում: