Մարտունիում անհայտ անձինք անհասկանալի գրառումներ են արել կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, որ տանը վնաս չի հասցվել, պարզապես, պատերին անընթեռնելի բաներ են գրված եղել: Չնայած տեղեկություններին, որ գրառումները սպառնալիք ու վիրավորանք են պարունակել՝ «վիրուսոտներ» ու նմանատիպ այլ  բառեր, համայնքապետը հերքեց. «Առավոտյան լուր ստացանք, որ պատերի վրա գրված բաներ կան, բայց կոնկրետ գրված չէ՝ մահ կորոնավիրուսով վարակվածներին, չի հասկացվում, թե ինչ է գրված: Վարակված ընտանիքը 2 օր առաջ տեղափոխվել է մեկուսարան: Երևի երեխաները բալոնով ներկը պատի վրա փչելով անցել են: Այդ մարդիկ սովորական մարդիկ են, վարորդ մարդ է, չեմ կարծում թշնամիներ ունենար»,- ասաց նա՝ ասելով, որ գրվածներն արդեն մաքրվել են տան պատերից: Համայնքապետը նշեց, որ առավոտյան մարզի ոստիկանապետն ու իր տեղակալը դեպքի վայրում են եղել, փորձում են տեսախցիկների միջոցով հասկանալ՝ ովքեր են եղել հեղինակները. «Արածը լակոտի բան կլինի, դժվար լուրջ մարդը նման բան աներ: Մենք բերում, կապում ենք, որ մարդը կորոնավիրուսով է վարակված, իր տան պատին են գրել, կարող է այդ մարդը նույն հաջողությամբ մեկ ուրիշ տան վրա աներ»,- նշեց Ալեքսանյանը՝ վստահեցնելով, որ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու են։

 

Լուսանկարները՝ panorama.am