Չինաստանի Չժեցզյան նահանգում հղի կինը հանկարծակի ծննդաբերել է փողոցում՝ անցորդների աչքի առաջ, հաղորդում է Sakshipost-ը:
Չեն անունով հղի կինը ծանոթի հետ դուրս է եկել զբոսանքի: Անսպասելի սկսվել են երկունքի ցավերը, և նա ծննդաբերել է հենց աղմկոտ փողոցի մայթին: Միջադեպը հայտնվել է տեսահսկման խցիկներում:
Կադրերում երևում է, որ զարմացած անցորդներն անմիջապես շրջապատել են կնոջը, շտապօգնություն կանչել և ասֆալտին հայտնված երեխային փաթաթել ծածկոցով: «Տեսա, որ երեխան տղա է, բայց նրա շրթունքները սև էին, ես վախեցա: Վերցրեցի նրան և մի քանի անգամ թափահարեցի, այդ ժամանակ նա վարդագույն դարձավ և սկսեց բղավել: Այդ պահին ես հասկացա, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,- ասել է Չենը լրագրողներին:
Տեղի հիվանդանոցի բժիշկները, ուր հոսպիտալացվել են մայրը և նորածինը, հայտնել են, որ նրանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, քանի որ ոչինչ չի սպառնում նրանց կյանքին և առողջությանը: