ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտը և մի շարք նահանգների գլխավոր դատախազները, ամենայն հավանականությամբ, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում Google-ին մեղադրանք կներկայացնեն հակամենաշնորհային օրենքի խախտման մեջ, գրում է The Wall Street Journal-ը:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ հայցը վերաբերվելու է Google-ի գովազդային բիզնեսին։ Նախարարության աշխատակիցները, մասնավորապես, կարծում են, որ ընկերության՝ որոնողական ծառայության ոլորտում գերիշխող դիրքը կարող է ապահովել շուկայում մրցակցության անարդար առավելություններ: Նրանք նշում են, որ Google-ը չափազանց մեծ վերահսկողություն ունի առցանց գովազդի ոլորտում:
ԱՄՆ ավելի քան 40 նահանգների դատախազները սկսել են Google-ի նկատմամբ հակամենաշնորհային հետաքննությունը 2019-ի սեպտեմբերին: Սկզբում, նախատեսվում էր, որ հետաքննությունը կվերաբերի ամերիկյան Alphabet կորպորացիային պատկանող ընկերության գովազդային քաղաքականությանը, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազները նաև մտադիր են ուշադրություն դարձնել Google-ի կողմից օգտագործվող որոնման մեխանիզմներին, ինչպես նաև ընկերության սեփականությանը հանդիսացող Android պլատֆորմի հետ կապված նախագծերին:
2019 թվականի հուլիսին հայտնի դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են լայնածավալ հետաքննություն սկսել Amazon-ի, Facebook-ի, Google-ի և Apple-ի նկատմամբ՝ հակամենաշնորհային օրենքների հնարավոր խախտումների համար: