Տավուշի մարզի Բերդ քաղաքում կորոնավիրուսի մի քանի դեպք է գրանցվել, որի հետևանքով դադարեցվել է «Տավուշ տեքստիլ»-ի գործունեությունը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանն ասաց, որ վարակի տարածման օջախները գիտեն և շփման շրջանակը պարզել են։ Հետաքրքրվեցինք՝ արդյոք համապատասխանո՞ւմ է իրականությանը տարածված տեղեկությունը, թե համավարակի պատճառով դադարեցվել է շինարարական ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ» գործարանի աշխատանքը, արդյո՞ք աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվածներ կան: Ի պատասխան մեր հարցի՝ համայնքապետը դրական պատասխան տվեց․ ««Տավուշ տեքստիլ» գործարանի աշխատակիցներից 6-7-ը վարակված են։ Գործարանը մի քանի օրով փակվել է։ «Տավուշ տեքստիլ»-ը 700-ից ավել աշխատակից ունի, սեփականատերն ասել է իր միջոցներով թեստավորում կիրականացնի»,- նշեց Մանուչարյանը։ Ի տարբերություն համայնքապետի, մեզ հետ զրույցում «Տավուշ տեքստիլ»-ի տնօրեն Միքայել Եզեկյանը փորձեց հերքել տեղեկությունները․ «Նման բան չկա, որ «Տավուշ տեքստիլ»-ի արտադրամասը չաշխատի, աշխատել է, կաշխատի, թուրքերն էլ, որ իրենց մեջտեղից ճղեն, էս կողմ գան, մեկ է մենք աշխատելու ենք։ Էնպես որ վիրուսը չի կարող մեզ ոչինչ անել՝ իհարկե պարետի որոշումները պահելով։ Բերդում եղել է կորոնավիրուսի դեպք, նրանց հետ շփված աշխատակիցներին թողել եմ տանը, որ հանգիստ լինենք»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ Բերդում կորոնավիրուսի դեպքը առնչություն չունի՞ գործարանի հետ, Եզեկյանը պատասխանեց․ «Գիտեք ոնց, էստեղ փոքր բնակչություն է, էսպես, թե էնպես բոլորն էլ իրար հետ կապ ունեն, հիմա, թե ուղիղ կապի, թե ինչի մասին է խոսքը, եկեք շատ բան չանենք»։ Այսինքն հերքում եք, որ ձեր արտադրամասում նման դեպք կա՝ մեր հարցին ի պատասխան՝ գործարանի տնօրենն ասաց՝ ոչ հերքում է, ոչ հաստատում․ «Ես կհերքեմ այն ժամանակ, երբ մեր ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ կհանձնի գործարանի հաշվին։ Երբ պատասխանները լինեն, կասեմ ունե՞նք, թե՞ ոչ։ Կասկած ունեմ, որ Բերդում եղած դեպքերի հետ կարող է շփում ունեցած լինեն, դե մերն էլ մեծ կոլեկտիվ է, հանկարծ մեծ բռնկում չունենանք»,- նշեց Եզեկյանը։ Նշենք, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ գործարանն արտադրում էր նաև պաշտպանիչ դիմակներ։ «Տավուշ տեքստիլ» արտադրամասի հոսքագծերից մեկը Բերդ քաղաքում է, մյուսը՝ Արծվաբերդ գյուղում։

Սոնա Հարությունյան