Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից կորոնավիրուսով վարակված 33 երեխա չի հոսպիտալացվել, հաստատության ներսում միայն 15 վարկակիր կա, որից 9-ը հաստատության երեխաներն են, 6-ը՝ աշխատակիցներ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ նշելով, որ հաստատությունում 46 թեստ է արվել, որից 15-ի պատասխանն է եղել դրական:

«Հաստատությունից որևէ մեկը չի հոսպիտալացվել, քանի որ որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն եղել: Շաբաթ երեկոյան դայակներից մեկի մոտ 37,6 աստիճան ջերմություն է նկատվել, նրան ուղարկել են տուն՝ ինքնամեկուսանալու: Քանի որ դայակի թեստի պատասխանը դեռևս չկա, չենք կարող ասել, որ առաջին վարակվածը նա է եղել։ Այս պահին մանկատանը աշխատում են նաև «Բաբլոյան» կենտրոնից հրավիրված բժիշկներ և բուժքույրեր։ Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է, բոլորն իրենց լավ են զգում», - ասաց Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ 15 դրական դեպքով հիվանդները մեկուսացվել են հենց հաստատության ներսում, որևէ մեկը չի հոսպիտալացվել։ Մարտիրոսյանն ասաց, որ դեռևս փետրվարի 27-ից խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, ելումուտը խիստ սահմանափակ է եղել․ «Որևէ մեկը հաստատություն ելումուտ չի արել, ոչ ոք ախտանիշ չի ունեցել, միայն դայակն է շաբաթ օրն իրեն վատ զգացել», - նշեց նախարարության մամուլի խոսնակը: