Յուրի Խաչատուրովն ունի ևս 2 օր ժամանակ, որպեսզի ներկայանա Ապրիլյանի քննիչ հանձնաժողով և պատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին: Ես հիմա շատ կարևոր հայտարարություն եմ անում հատկապես պարոն Էդվարդ Նալբանդյանին լսելուց հետո: Այս մասին այսօր՝ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո, ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

 

Նա հայտնեց, որ կան մի շարք հարցեր, որոնց Խաչատուրովը պետք է պատասխանի. «Դրանք էնքան կարևոր են, որ ես հիմա էս հայտարարությունն անում եմ: Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով նշանակել հանձնաժողովի նիստ և ուղղել հարցեր պարոն Խաչատուրովին՝ պարոն Նալբանդյանին լսելուց հետո»,- ասաց Քոչարյանը:

Հարցին՝ եթե Խաչատուրովը չներկայանա, ի՞նչ կլինի, Քոչարյանը պատասխանեց․ «Այլապես մեր եզրակացությունները կներկայացնենք առանց Խաչատուրովին լսելու եւ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով պետք է զբաղվեն արդեն այլ մարմիններ, քննիչ հանձնաժողովն այլեւս անելիք չի ունենա։ Համար մեկ զինվորական պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը, որն այս գործընթացի մեջ ունեցել է ամենակարեւոր դերակատարումներից մեկը, պետք է գա եւ պատասխանի այս հարցերին, իրեն ուղղված հարցեր են դրանք»։