Հեղափոխությունից հետո շատ էր խոսվում արտասահմանյան գրանտների մասին, որոնցով առատորեն սկսել էին սնվել հայկական ՀԿ-ները: Սակայն, տարատեսակ միջազգային ֆոնդերի կողքին տվյալ ՀԿ-ների ֆինանսավորման հարցում բավական ակտիվ են եղել նաև պետական գերատեսչությունները: Ընդ որում, նկատվում է մի ուշագրավ առանձնահատկություն. ինչպես էլ պտտվես, ստացվում է, որ այդ ՀԿ-ները կամ յուրայիններինն են, կամ այսպես ասած՝ սորոսական:
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հեղափոխությունից հետո 8.8 միլիոն դրամի դրամաշնորհ է ստացել։ Կազմակերպությունում աշխատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ղեկավարը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր՝ մինչ պաշտոնի անցնելը: 2016-2019թ․ թ․ «ԻԱԻՄ» ՀԿ-ն շարունակել է ծառայություններ տրամադրել ՄԻԱՎ-ով ապրող անձանց և ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել վտանգի ենթարկվող խմբերի ներկայացուցիչներին՝ ԲՀՀ-ի, ECUO-ի, AFEW-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում: Բացի Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի «ԻԱԻՄ» ՀԿ-ն իր առջև դրված նպատակները կյանքի կոչելու համար բազմաթիվ դոնորների աջակցությամբ իրականացրել է ծրագրեր: Այդ դոնորներն են` «Վորլդ Վիժն Հայաստան», ԵՄ, UNAIDS, UNDP, UNICEF, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ, ԲՀՀ, AFEW, ECUO: 2012 թ.-ից մինչ այսօր կազմակերպությունը «Փինք», «Ներուժ Զարթոնքի» իրավապաշտպան ՀԿ-ների հետ համակարգել և իրականացրել է համատեղ ծրագրեր՝ ուղղված խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, ջատագովությանը:
ԿԳՄՍ-ն համագործակցության ծրագրեր է իրականացնում «Արմավիր զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ, որի դրամաշնորհատուների ցանկում պատվավոր տեղում է Հայաստանում Սորոսի գրասենյակը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 212 միլիոն 913 հազար դրամ է տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ին: Այս ՀԿ-ի դոնորների շարքում է «Բաց Հասարակության» հիմնադրամները:
Պետական վերահսկողական ծառայությունն իր հերթին համագործակցում է Իմքայլական պատգամավոր Արտակ Մանուկյանի՝ «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի հետ:
«Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորը՝ Գայանե Աբրահամյանը, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ հիմնադիր-նախագահն է, ինչպես նաև «Հոդված 3» ակումբի հիմնադիրն ու ծրագրի ղեկավարը։ «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ԲՀՀ-ից 2016 թվականից մինչ օրս ստացել է 284.380 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ Միայն 2019 թվականին կազմակերպությունը ԲՀՀ-ից ստացել է 75.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։