Հնդկաստանին սպառնում է վերջին 70 տարիների ամենաուժեղ փոթորիկը: «Նիսարգա» փոթորիկը սպառնում է հատկապես երկրի ամենամեծ քաղաքներից մեկին՝ Մումբային: Այդ պատճառով Հնդկաստանում առնվազն 100 հազար մարդ, այդ թվում՝ կորոնավիրուսով հիվանդները, տարհանվել են անվտանգ վայրեր:

 
 

Որպես նախազգուշական միջոց՝ Մումբայի իշխանությունները վերջերս կառուցված դաշտային հոսպիտալից կորոնավիրուսի ավելի քան 150 հիվանդ են տարհանել։

Covid-19-ի հիվանդների համար նախատեսված ժամանակավոր հոսպիտալը կառուցվել է մի քանի շաբաթվա ընթացքում և կարող է դիմակայել մինչև 80 կմ/ժ քամու ուժգնությանը, մինչդեռ օդերևութաբանների կարծիքով՝ սպասվում է 100 կմ/ժ-ից բարձր քամու արագություն։

Պաշտոնյաներից մեկի խոսքերով՝ «Նիսարգա» ցիկլոնն ափ կհասնի չորեքշաբթի, իսկ մինչ այդ անապահով խրճիթներում բնակվող մարդիկ տեղափոխվել են անվտանգ վայրեր։